Google-ը հարյուրավոր մարդկանց կազատի աշխատանքից. նրանց կփոխարինի ԱԲ-ը

17 հունվարի, 2024  20:24

Google-ի ղեկավարությունը հաստատել է դեկտեմբերի վերջին հայտնված տեղեկությունը, որը ընկերությունը մտադիր է մի շարք աշխատակիցների աշխատանքից հեռացնել։ Ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Ֆիլիպ Շինդլերը ներքին հաղորդակցության ընթացքում տեղեկացրել է, որ ընկերությունը գովազդի վաճառքի բաժնի «մի քանի հարյուր աշխատակիցների» կազատի, հաղորդում է Business Insider-ը։

Կրճատումների շարքն առաջին հերթին կանդրադառնա Խոշոր հաճախորդներին վաճառքի (Large Customer Sales – LCS) գովազդային բաժնին: The Information-ը հաստատել է, որ գովազդային ստորաբաժանման վերակազմավորումը նախատեսված է այս ամիս. որոշ աշխատակիցներ կլքեն ընկերությունը, իսկ ոմանք կտեղափոխվեն այլ պաշտոնների, քանի որ նրանց պարտականություններն այժմ կկատարի արհեստական ​բանականությունը։ Շինդլերն իր նամակում ուղղակիորեն չի նշել ԱԲ-ի մասին։

Վերջերս Google Ads-ը հարստացել է գեներատիվ ԱԲ-ի բազմաթիվ գործառույթներով։ Մասնավորապես, հայտնվել է չատբոտ, որն աջակցում է բնական լեզվի մշակմանը. այն օգնում է հաճախորդներին կողմնորոշվել գովազդային ապրանքների լայն տեսականու մեջ:  

Գոյություն ունի նաև համակարգ, որն ինքնուրույն գեներացնում է գովազդային ռեսուրսներ՝ պատկերներ և տեքստեր, գովազդատուի կողմից սահմանված բյուջեին և նպատակներին համապատասխան: Այս ապրանքները Performance Max փաթեթի մի մասն են․ գովազդային հայտարարություների կարգավորումները և բովանդակությունը փոխվում է՝ հիմնվելով սեղմումների վարկանիշի վրա՝ որպես իրական ժամանակում հետադարձ կապի համակարգ: Նախկինում այս ամենը ձեռքով կատարում էր գովազդատուն, սակայն այժմ ԱԲ-ն անհրաժեշտ գործողությունները կատարում վայրկյանում մի քան հազար անգամ։

Google-ում կրճատումների հերթական ալիքն սկսվել է անցյալ տարի: Անցյալ շաբաթ իրենց աշխատանքը կորցրին մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք ներգրավված էին ապարատային արտադրանքների, Google Assistant-ի և լրացված իրականության համակարգերի մշակման մեջ: Մինչ այս աշխատանքից ազատումներ են եղել Google News-ում, Waze-ում, Waymo-ում, ռոբոտաշինության բաժնում և մարդկային ռեսուրսների բաժնում։


 
 
 
 
  • Արխիվ