OpenAI-ը գործարկում է GPT Store-ը. մշակողները կկարողանան այնտեղ տեղադրել իրենց սեփական չատբոտերը

11 հունվարի, 2024  14:10

OpenAI ընկերությունը գործարկում է չատբոտերի խանութ, որը մշակվել են ChatGPT-ի օգտատերերը: GPT Store անունն ստացած կայքում առկա հավելվածները բաժանված են ըստ կատեգորիաների, կա նաև անհրաժեշտ ֆունկցիոնալությամբ չատբոտերի որոնման համակարգ։

Հարմարեցված չատբոտերի թիվը, ըստ որոշ գնահատականների, արդեն գերազանցել է 3 միլիոնը, և նրանց ուղղվածությունը շատ տարբեր է՝ մաթեմատիկա սովորելու հարցում օգնությունից մինչև կոկտեյլների բաղադրատոմսերի հավաքածուներ: Սակայն դեռ հայտնի չէ, թե դրանց որ մասը կներկայացվի ընկերության խանութ-սրահում դրա գործարկման ժամանակ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նման չատբոտեր ստեղծելու համար ծրագրավորման հմտություններ չեն պահանջվում, ուստի ակնկալվում է, որ դրանք կստեղծեն բոլորը։

Հարմարեցված չատբոտերով գումար աշխատելու հնարավորություն դեռ չկա, սակայն այն կարող է հայտնվել մարտի վերջին։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում GPT Store-ի չատբոտերի մշակողները կկարողանան գումար ստանալ՝ իրենց մշակումների տարածվածությանը համապատասխան:

Նշենք, որ OpenAI-ն ի սկզբանե նախատեսում էր հավելվածների խանութ բացել 2023-ի նոյեմբերի վերջին, սակայն ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի պաշտոնանկության և վերադարձի հետ կապված սկանդալը խանգարեց բոլոր ծրագրերին։

Նշենք նաև, որ վերջերս ChatGPT-ի օգտատերերին առաջարկվել է նոր սակագին կորպորատիվ հաճախորդների համար՝ ամսական $25 բաժանորդավճարով մեկ անձի համար: ԱԲ համակարգեր մշակող փոքր ընկերությունները կկարողանան այս գումարի դիմաց օգտագործել OpenAI-ի ենթակառուցվածքը և լեզվական մոդելները: OpenAI-ը կորպորատիվ հաճախորդների համար սակագնային պլան առաջին անգամ ներկայացրել է դեռ 2023-ի օգոստոսին։


 
 
 
 
  • Արխիվ