NASA-ն մեկ տարով հետաձգում է լուսնային առաքելությունները․ ի՞նչն է պատճառը

10 հունվարի, 2024  12:19

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA), տիեզերագնացների անվտանգությունից ելնելով, մեկ տարով հետաձգել է Artemis 2 և Artemis 3 լուսնային առաքելությունների իրականացումը: Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է իր պաշտոնական կայքում։ Այսպիսով փաստացի հետաձգվում է ամերիկացի տիեզերագնացների վերադարձը Լուսին, որտեղ նրանք չեն եղել 1972-ի Apollo 17 առաքելությունից հետո:

Ըստ լուսնային առաքելությունների նոր ժամանակացույցի՝ Artemis 2-ը, որը նախատեսում է օդաչուավոր թռիչք իրականացնել Լուսնի շուրջ, այնուհետև վերադառնալ Երկիր, կիրականացվի 2025-ի սեպտեմբերին։ Artemis 3 առաքելությունը, որի շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն լուսնային Հարավային բևեռում, այժմ նախատեսված է 2026-ի սեպտեմբերին: Նախկինում այդ առաքելությունները պլանավորված էին համապատասխանաբար 2024-ին եւ 2025-ին: Ավելի ուշ նախատեսված առաքելությունը՝ Artemis 4-ը, որը կիրականացնի առաջին թռիչքը դեպի ապագա լուսնային տիեզերակայան՝ Gateway, նախատեսվում է իրականացնել 2028-ին։

Թռիչքների չվացուցակների փոփոխման հիմնական պատճառ է նշվում անձնակազմի անվտանգության ապահովումը անձնակազմով առաքելությունների ժամանակ։ Artemis 1 առաքելության ժամանակ կիրառված Orion տիեզերանավի անվտանգության համակարգերի փորձարկման ընթացքում հայտնաբերվել են խնդիրներ, որոնք շտկելու համար ավիատիեզերական ինժեներներից լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Նրանք ներկայումս աշխատում են մարտկոցի անսարքությունները վերացնելու և օդի օդափոխության և ջերմաստիճանի վերահսկման համար պատասխանատու միացման բաղադրիչի հետ կապված խնդիրները լուծելու վրա:

Թռիչքների ժամանակացույցի փոփոխությանը զուգահեռ՝ NASA-ն վերանայել է Gateway կայանի առաջին ինտեգրված տարրերի գործարկման ժամանակացույցը, որոնք այժմ նախատեսվում է ուղեծիր դուրս բերել 2025-ի հոկտեմբերին: Սա արվում է մշակողներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու և Artemis 4 առաքելության հետ լավագույնս համապատասխանեցնելու համար:

NASA-ն նաև լուսնային վայրէջքի համակարգերի մշակողներ SpaceX-ին և Blue Origin-ին խնդրել է սկսել վայրէջքի համակարգերի տարբերակների մշակումը, որոնք ապագայում կարող են օգտագործվել Լուսնի մակերես մեծ բեռներ հասցնելու համար:

«Artemis 1 առաքելությունից հետո մենք շատ բան ենք սովորել, և այս առաջին առաքելությունների հաջողությունը կախված է առևտրային և միջազգային գործընկերություններից՝ ուղղված մեր կարողությունների ընդլայնմանը և արեգակնային համակարգում մարդկության տեղի մասին պատկերացումներին: Artemis ծրագիրը ներկայացնում է այն, ինչին մենք կարող ենք հասնել որպես ազգ՝ որպես համաշխարհային կոալիցիա: Երբ մենք միասին ենք ստանձնում դժվարությունները հաղթահարելը, մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների»,- ասել է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը:


 
 
 
 
  • Արխիվ