Բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների միավորո՞ւմ, թե՞ ինտեգրում. ի՞նչ է առաջարկում ակադեմիան

9 հունվարի, 2024  18:25

2023-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, ըստ որի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք։

Կառավարությունը նախատեսում է միավորել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները հետևյալ կլաստերներում՝  տեխնոլոգիական, արվեստների, կրթական, սպայական, դասական և բժշկական։ Առաջին չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Մյուս երկուսն առայժմ կմնան Երևանում։

Ավելի վաղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին առաջարկել էր մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:

Միաժամանակ նախարարությունը տեղեկացրել էր, որ «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»:

Ինչպե՞ս են վերաբերում այս ամենին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում և ի՞նչ կոնկրետ առաջարկություններով և դիտողություններով են պատրաստվում հանդես գալ մինչև փետրվարի 15–ը։ Այս հարցերի շուրջ NEWS.am Tech-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։

Պարո՛ն Իշխանյան, կառավարությունը գիտական կազմակերպություններին և բուհերին առաջարկել է մինչև փետրվարի 15–ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման վերաբերյալ։ Քննարկվո՞ւմ են այս հարցերը ակադեմիական համակարգում։

Անշուշտ ակադեմիայում՝ և՛ ինստիտուտներում, և՛ նախագահությունում ընթանում են քննարկումներ, և շուտով կլինեն ինստիտուտների՝ ձևակերպված տեսակետները, որոնց հիման վրա արդեն ակադեմիան կներկայացնի ընդհանրական տեսակետը։

Ներկա պահին ես կարող եմ կիսվել նախնական տպավորություններով։ Կարելի է առանձնացնել դիտարկումների երեք փաթեթ։

Առաջին. Ակադեմիական համակարգում, բնականաբար, հասկանում են, որ երկրի ընդհանուր զարգացման ռազմավարության տեսակետից անհրաժեշտ է բուհ - գիտահետազոտական կազմակերպություններ համագործակցության մակարդակի էական բարձրացում։ Դա անհրաժեշտ է և՛ բուհական համակարգի ուժեղացման նպատակով, և՛ հետազոտական ինստիտուտների ուժեղացման, երիտասարդ կադրերի ներհոսքի նպատակով։ Ըստ այդմ, ակադեմիական ինստիտուտներն ունեն որոշակի պատկերացումներ՝ բուհ - գիտահետազոտական ինստիտուտ ինտեգրման վերաբերյալ, որոնք և շուտով կներկայացվեն։ 

Երկրորդ. Շատ կարևոր դիտարկում է այն, որ որևէ երկրում չկա գիտության կազմակերպման միասնական մեկ իրավակազմակերպական ձև, և դա ունի փիլիսոփայական նշանակություն․ որովհետև գիտությունը չի կարող լինել միայն կրթությանն սպասարկող, գիտությունը պետք է ծառայի նաև անվտանգության և պաշտպանական խնդիրներին, որոնք մեր պարագայում ընդհանրապես գոյաբանական են։ Հետևաբար, նմանատիպ կառույցները ողջ աշխարհում գտնվում են բուհական համակարգերից դուրս, ինչպես օրինակ ամերիկյան ազգային լաբորատորիաները (Լոս Ալամոս, Լոուրենս Լիվերմոր և այլն)։ Դրանք պետք է ապահովեն գաղտնիության համապատասխան մակարդակ և բավարարեն այլ հատուկ պահանջների։ Այսինքն, պետք է ունենալ գիտական հիմնարկների իրավակազմակերպական ձևերի բազմազանություն։ Բացի վերը նշվածից, տարբեր իրավակազմակերպական ձևեր ունեցող գիտական կազմակերպությունների միջև կարող է ձևավորվել առողջ մրցակցություն, ինչը ևս դրական գործոն է։

Պետք չէ նաև մոռանալ, որ պատմական ավանդույթները ևս շատ կարևոր են։ Հայաստանում գիտության զարգացման վերաբերյալ Եվրամիության 2019 թվականի զեկույցում ևս նշվում է, որ ավանդույթների պահպանումը կարևոր է։ Այսինքն, պետք է փորձել պահպանել նաև ինստիտուտների այն անվանումները, որոնցով նրանք արդեն ունեն ճանաչելիություն աշխարհում, և այդ ճանաչելիությունը ձեռք են բերել տասնյակ տարիների աշխատանքի շնորհիվ։ Դիցուք՝ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի մասին գրելիս շատ հաճախ փակագծերում նշվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, որովհետև այն ճանաչելիություն ունի այդ անվամբ։ Այդ ճանաչելիությունը կարևոր հիմք է միջազգային համագործակցության ցանցերի ձևավորման ժամանակ։

Երրորդ. Մենք գիտակցում ենք, որ մեր ակադեմիան ստեղծվել է Սովետական Միությունում, որտեղ պետությունը որոշակի գործառույթներ իր վրա էր վերցրել, օրինակ՝ գիտության հանրայնացումը։  Կային մեծաքանակ հանրամատչելի ամսագրեր, գիտական հաղորդումներ և այլն։ Հիմա մենք այլ հասարակարգում ենք ապրում։ Բայց գիտենք, որ աշխարհում կա այդ փորձը, որ դրանով զբաղվում են գիտությունների ակադեմիաները, և մեր ակադեմիան ևս դա կարող է անել։ Կամ, օրինակ՝ սովետական շրջանում կային ճյուղային ինստիտուտներ, որոնք զբաղվում էին կիրառական արդյունքի առևտրայնացմամբ, բայց այսօր դրանք ճկան։ Աշխարհում դա իրականացնում են կոմերցիոն կամ արդյունաբերական ընկերությունները, որոնք ցավոք սրտի ևս բացակայում են Հայաստանում։ Իսկ քանի որ կիրառական մշակումների խիստ անհրաժեշտություն կա, ապա ցանկալի է, որ նման մի գործառույթ իր վրա վերցնի ակադեմիան։ Եվ այդ համակարգը պետք է ստեղծվի, և կրկին մենք գալիս ենք դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը։ Օրինակ, եթե մենք կառույց ենք ստեղծում տեխնոլոգիական մշակումների համար, ուրեմն դրա իրավակազմակերպական ձևը պետք է այլ լինի, քանի որ մենք գործ ենք ունենալու գնումների մեխանիզմի և այլ մոտեցումների հետ, և դա համադրելի չէ բուհական համակարգի հետ։

Բուհերի և ինստիտուտների փոխգործակցության վերաբերյալ ինչպիսի՞ մոտեցումներ կան ակադեմիական համակարգում։

Ընդհանրացնելով տարբեր ինստիտուտների մոտեցումները՝ կարելի է առանձնացնել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրման մի քանի առաջարկներ.

Առաջին․ Համատեղ գիտական լաբորատորիաների ստեղծում՝ որոշակի երկարաժամկետ մշակումների համար։ Դրանք պետք է հագեցած լինեն համապատասխան սարքավորումներով ու պետք է ունենան բազային ֆինանսավորում, որովհետև իրականացնելու են երկարաժամկետ ծրագրեր։  

Երկրորդ․ Համատեղ դրամաշնորհային հետազոտական ծրագրերի իրականացում՝ ինչպես հայաստանյան դրամաշնորհներով, այնպես էլ՝ միջազգային։ Ընդ որում, դրանք կարող են լինել ցանցային տիպի, կարող են ներգրավել մի շարք տարբեր բուհեր և ինստիտուտներ։ Դրանք համեմատաբար կարճաժամկետ ծրագրեր են։ Նմանատիպ փորձը աշխարհում շատ տարածված է։ Մասնավորապես՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (The International Science and Technology Center, ISTC) դրամաշնորհային ծրագրերում ներգրավված են լինում տարբեր ինստիտուտների և բուհերի գիտական խմբեր։ Այսինքն, հստակ կա անհրաժեշտություն, որպեսզի մեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ևս հայտարարի նպատակային դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ՝ բուհ – գիտահետազոտական ինստիտուտ ձևաչափով։ Բնականաբար, այս ծրագրերում պետք է ընդգրկվեն երիտասարդ գիտաշխատողներ և ուսանողներ, դա կբերի փորձի փոխանակման և ավելի սերտ ինտեգրման։

Երրորդ․ Համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում։ Գիտենք, որ մեր համալսարաններում առկա են հնացած դասընթացներ։ Քանի որ գիտության առաջնային գծի հետազոտություններ այսօր առավելապես կատարում են գիտահետազոտական ինստիտուտներում, ապա գիտական կազմակերպությունները կարող են առաջարկել հատուկ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր։ Դրանք լուրջ գիտական թարմացում կբերեն բուհերին, և կօգնեն լուծել ինստիտուտների կադրերով համալրման հարցը։ Ընդ որում՝ մեկ գիտահետազոտական ինստիտուտը կարող է ունենալ այդպիսի ծրագրեր բազմաթիվ բուհերի հետ։ Օրինակ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կարող է ծրագրեր առաջարկել Պետական, Մանկավարժական, Պոլիտեխնիկական համալսարաններին և այն։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարող է կուրսեր առաջարկել և՛ Բժշկական համալսարանին, և՛ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետին և  այլն։

Չորրորդ․ Գիտահետազոտական ինստիտուտներում համալսարանների բազային ամբիոնների ստեղծում։ Սա պատմականորեն դրական փորձ ունեցող ձևաչափ է, որը կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջատար բուհերում, մասնավորապես, ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական և Ինժեներաֆիզիկական ինստիտուտներում և այլն։ Մեզ մոտ նման պրակտիկա կիրառվում է Երևանի Բժշկական համալսարանում, որը բազային ամբիոններ ունի տարբեր հիվանդանոցներում։

Կան նաև բուհերի և ինստիտուտների համագործակցության այլ մեխանիզմներ, օրինակ՝ համատեղ սեմինարների և գիտաժողովների անցկացումը և այլն։

Դուք առաջարկում եք ինտեգրման ծրագրեր, բայց պետությունը խոսում է բուհերի և ինստիտուտների միավորումից։ Ի՞նչ կասեք սրա մասին։

Այդպիսի առաջարկներ ակադեմիայում ևս կան։ Առաջարկվում է թեմատիկայով մոտ, կամ նույնատիպ հետազոտություններ իրականացնող բուհերի և ակադեմիական գիտահետազոտական կառույցների միավորում։ Բայց սա վերաբերում է այն դեպքերին, և դրանց թիվը շատ չէ, երբ համապատասխան բուհական կամ ակադեմիական կառույցը, կամ երկուսն էլ տկարացել են օբյեկտիվ պատճառներով։ Նման դեպքերում անշուշտ կարիք կա ուղիղ խոշորացման։

Բայց մնացած դեպքերում այս ամենը կարելի է իրականացնել՝ պահպանելով ինստիտուտների և բուհերի ներկա իրավակազմակերպական ձևերը, պահպանելով նրանց ինքնուրույնությունը գիտական ուղղությունների ընտրության առումով և այլն։

Ըստ ակադեմիական քաղաքի հայեցակարգի տարբեր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների միավորմամբ ստեղծվելու են տարբեր կլաստերներ։ Ակադեմիայում ինչպե՞ս են պատկերացնում այդ կլաստերների ստեղծումը։

Ակադեմիական քաղաքի՝ մի քանի կլաստերներով գաղափարն ինքնին շատ լավն է, ու կարելի է առաջարկել օրինակ կենսաբանական բլոկի կլաստեր՝ ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների հիման վրա՝ տեղակայելով այն Բուսաբանական այգու տարածքում։ Նույնը կարելի է փորձել իրականացնել ֆիզիկամաթեմատիկական բաժանմունքի հենքի վրա, որը կտեղակայվի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։ Սա արդեն մի երրորդ չափողականություն է։ Նմանատիպ ծրագրեր են մշակվում այսօր ակադեմիայում, և շուտով դրանք կներկայացվեն գիտական հանրությանը։ Դա տարբեր ակադեմիական ինստիտուտների իրավակազմակերպական ձևերի պահպանմամբ տեխնոլոգիական կլաստերների ձևավորումն է։

Այսինքն,  հիմնականում Դուք առաջարկում եք ինստիտուտների և բուհերի ինտեգրում՝ իրենց իրավակազմակերպական ձևերի պահպանմամբ։ Բայց չէ՞ որ կառավարությունը մտադիր է 2027 թվականից դադարեցնել այն ինստիտուտների ֆինանսավորումը, որոնք չեն միավորվի բուհերի հետ։

Մենք կարծում ենք, որ սա չմտածված կետ է։ Մեզ անհրաժեշտ է բազմազանություն, և մենք հենց դա ենք առաջարկում։ Առավել նպատակահարմար է, որ ի սկզբանե հայեցակարգում ֆիքսվեն դիվերսիֆիկացված տարբերակները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ