Google-ը $5 մլրդ կվճարի օգտատերերին գաղտնի հետևելու համար

29 դեկտեմբերի, 2023  14:22

Google Chrome դիտարկիչների օգտատերերից գաղտնի տվյալների հավաքման վերաբերյալ դատական ​​հայցի շրջանակում ամերիկյան Google ընկերությունը նախնական համաձայնության է եկել առնվազն 5 միլիարդ դոլար վճարել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հայցվորների ու ամբաստանյալի փաստաբաններին։

Կարգավորման պայմանները չեն գաղտնազերծվել, սակայն փաստաբաններն ասել են, որ Google-ը համաձայնել է պահանջների պարտադիր ցանկին: Այն դատարանի հաստատմանը կներկայացվի մինչև 2024-ի փետրվարի 24-ը։

Ըստ հայցվորների բողոքի՝ Google-ի հավելվածները ընկերությանը թույլ են տվել հետևել օգտատերերի գործունեությանը նույնիսկ այն դեպքում, երբ նրանք Google Chrome դիտարկչից օգտվել են «ինկոգնիտո» ռեժիմով: Այս կերպ ընկերությունը կարող էր տեղեկություններ ստանալ օգտատերերի ընկերների, հոբբիների, սիրելի ուտելիքների, սպառման սովորությունների և «հնարավոր ամոթալի բաների» մասին, որոնք մարդիկ որոնում են համացանցում:

Google-ի դեմ հայցը ներկայացվել է 2020-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Հայցը, որը վերաբերում է ընկերության ծառայությունների «միլիոնավոր» օգտատերերի, պահանջում է առնվազն 5000 ԱՄՆ դոլարի վնաս յուրաքանչյուր տուժածի համար՝ գաղտնալսման մասին դաշնային օրենքները և Կալիֆոռնիայի գաղտնիության մասին օրենքները խախտելու համար:

Google-ի դեմ ավելի վաղ կոլեկտիվ խոշոր հայց էր ներկայացվել Play Market-ում բարձր միջնորդավճարների համար։ Այս տարի Google-ին պատկանող YouTube վիդեոհոսթինգի ծառայությունը մեղադրվում էր 13 տարեկանից ցածր երեխաների տվյալները հավաքելու մեջ:


 
 
 
 
  • Արխիվ