Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, տվյալների հոսքային տեխնոլոգիաների փորձարկման շրջանակում առաջին անգամ խորը տիեզերքից Ultra HD որակի տեսանյութ է ուղարկել Երկիր։
Տասնհինգ վայրկյան տևողությամբ տեսանյութում Թեյթերս անունով կատուն, որն ապրում է աշխատակիցներից մեկի հետ, խաղում է լազերային լույսի հետ։
Կատվի մասնակցությամբ տեսանյութը Երկիր է փոխանցվել դեկտեմբերի 11-ին լազերի միջոցով մոտ 30 միլիոն կիլոմետր հեռավորությունից, ինչը 80 անգամ ավելի է, քան Երկրից Լուսին ընկած տարածությունը:
Տեսանյութի փոխանցումը տևել է 101 վայրկյան։ Ազդանշանն ստացել է Կալիֆոռնիայի Հեյլի աստղադիտակը, այնուհետև յուրաքանչյուր կադր ուղարկվել է Ռեակտիվ շարժման լաբորատորիա (JPL, NASA-ի հետազոտական կենտրոն), որտեղ տեսանյութն ամբողջությամբ նվագարկվել է իրական ժամանակում։
JPL-ի ազդանշանների ստացման էլեկտրոնիկայի նախագծի մենեջեր Ռայան Ռոգալինն ասել է, որ չնայած միլիոնավոր մղոն հեռավորությանը, խորը տիեզերքից ազդանշանի փոխանցումն ավելի արագ է եղել, քան JPL-ի ընդունիչ կենտրոնից ազդանշանի փոխանցումը համացանցի միջոցով։
NASA-ն ասել է, որ լազերի միջոցով տեսանյութը հոսքային տարբերակով ուղարկելը կարևոր իրադարձություն է, որը հնարավորություն կտա ապագայում մարդկանց մասնակցությամբ առաքելություններ կատարել Երկրի ուղեծրից դուրս:
«Այս փորձարկումը ճանապարհ կհարթի գերարագ հաղորդակցությունների համար՝ աջակցելու հաջորդ հսկա թռիչքին՝ մարդկանց Մարս ուղարկելուն»,- ասվում է տիեզերական գործակալության տարածած հաղորդագրությունում:
ամիս
շաբաթ
օր