Tesla-ն ներկայացրել է նոր՝ Optimus Gen 2 ռոբոտը, որն ավելի թեթև է ու արագաշարժ

13 դեկտեմբերի, 2023  20:15

Tesla-ն ներկայացրել է Optimus Gen 2-ը՝ իր մարդանման ռոբոտների շարքի հաջորդ սերնդի ներկայացուցիչը, որը կկարողանա մարդկանց օգնելու համար տարբեր առաջադրանքներ կատարել:

Tesla-ն ցանկանում է ստեղծել մարդանման ռոբոտ, որը կարող է բավականաչափ բազմակողմանի լինել, որպեսզի կարողանա փոխարինել մարդուն աշխատանքի մի շարք ոլորտներում, սակայն շատերը կասկածում են, որ դրան հնարավոր է հասնել կարճաժամկետ հեռանկարում: Tesla-ն կարծում է, որ դա հնարավոր է անել, եթե օգտագործեն ինքնակառավարվող ավտոմեքենաների ոլորտում արհեստական բանականության մշակումներն ու մարտկոցների և էլեկտրական շարժիչների ոլորտում ընկերության ունեցած փորձը: Ընկերությունը պնդում էր, որ իր ավտոմեքենաներն արդեն անիվների վրա շարժվող ռոբոտներ են և այժմ մնում է դրանց տալ մարդանման ձև, որպեսզի կարողանան որոշ առաջադրանքներում փոխարինել մարդկանց:

Optimus Gen 2  1 (1).jpg (320 KB)

Ավելի վաղ Tesla-ն հայտարարել էր, որ Optimus-ը համապարփակ վերապատրաստում է անցնում նեյրոցանցերի միջոցով և կարող է կատարել նոր առաջադրանքներ, ինչպիսիք են առարկաների ինքնավար տեսակավորումը:

Ռոբոտի նոր տարբերակն այժմ համալրված է Tesla-ի մշակած տվիչներով և սենսորներով։ Ընկերությունը պնդում է, որ նոր տարբերակն այժմ կարող է 30%-ով ավելի արագ քայլել: Ընկերությունը նաև նշում է, որ 10 կգ-ով պակասել է ռոբոտի քաշը, ինչը նաև բարելավել է դրա հավասարակշռությունը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Optimus Gen 2-ը կքանստում՝ պահպանելով հավասարակշությունը և ինչպես է զգուշորեն ձուն տեղափոխում և դնում այլ տարայի մեջ։

Մարդանման ռոբոտի ամենաբարդ մասերից մեկը ձեռքերն են: Դրանք պետք է բավականաչափ ամուր լինեն ծանր բեռներ կրելու, սակայն միաժամանակ բավականաչափ ճշգրիտ՝ փխրուն առարկաների հետ շփվելու համար։

Ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է շուտով սկսել ռոբոտն օգտագործել սեփական արտադրական գործընթացներում: Երբ այն ապացուցի իր օգտակարությունը, Tesla-ն նախատեսում է սկսել ռոբոտի վաճառքը:

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ նման ռոբոտների պոտենցիալ պահանջարկը կարող է հասնել 10-ից 20 միլիարդ միավորի։ Նա կարծում է, որ Optimus-ը կկազմի «Tesla-ի երկարաժամկետ արժեքի մեծ մասը»:

Optimus Gen 2  2.jpg (280 KB)


 
 
 
 
  • Արխիվ