CUTE փոքրիկ զոնդն ուսումնասիրել է ամենավտանգավոր մոլորակները․ ինչո՞ւ է դա կարևոր

13 դեկտեմբերի, 2023  22:30

Կոլորադոյի համալսարանի ամերիկացի աստղագետներն առաջին անգամ ստույգ տեղեկություններ են ստացել «տաք յուպիտեր» դասի մոլորակների մթնոլորտային գործընթացների մասին՝ շնորհիվ 2021-ին արձակված փոքրիկ CUTE տիեզերանավի: Հետազոտությունը հրապարակվել է The Astronomical Journal գիտական ​​ամսագրում:

CUTE (Colorado Ultraviolet Transit Experiment) առաքելությունը նախատեսված է կյանքի համար ամենաանբարենպաստ պայմաններն ունեցող մոլորակներն ուսումնասիրելու համար, որոնք հայտնի են մարդկությանը։

CUTE զոնդը մոտ 35 սմ երկարությամբ կոմպակտ սարք է, որն ունի ուլտրամանուշակագույն (UV) աստղադիտակ։ Այն դիտում է հեռավոր մոլորակները, երբ դրանք անցնում են իրենց աստղերի դիմացով, ինչի հետևանքով այդ աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը թուլանում է: Որոշ դեպքերում տիեզերանավն այնքան ճշգրիտ է աշխատում, որ կարող է հայտնաբերել, երբ է աստղերի լույսը մարում ընդամենը 1%-ով:

Տաք յուպիտերները գազային հսկաներ են, որոնք նման են մեր արեգակնային համակարգի Յուպիտեր մոլորակին, բայց կարող են շատ ավելի տաք լինել, քան Արեգակը:

CUTE 1.jpg (190 KB)

Օրինակ` CUTE-ը կարողացել է ուսումնասիրել WASP-189b մոլորակը, որը գտնվում է Երկրից ավելի քան 300 լուսատարի հեռավորության վրա Կշեռք համաստեղությունում: Երկնային մարմնի ջերմաստիճանը եղել է ավելի քան 8300 °C, ինչը մոտ 2800 °C-ով ավելի տաք է, քան Արեգակը։ CUTE-ի դիտարկումները ցույց են տվել նաև, որ գազը WASP-189b-ի ընդերքից դուրս է գալիս վայրկյանում մոտ 400,000 տոննա արագությամբ:

CUTE-ի թիմն արդեն դիտել է յոթ տաք յուպիտեր, և մոտ ապագայում այս դասի ավելի շատ հայտնաբերված մոլորակներ կլինեն: Գիտնականները հույս ունեն, որ դիտարկումներն իրենց կօգնեն հասկանալ, թե ինչու են որոշ մոլորակներ կորցնում իրենց մթնոլորտը, իսկ մյուսներն այն պահպանում են գրեթե անփոփոխ: Այս գիտելիքը կարող է օգտակար լինել նաև արեգակնային համակարգի ուսումնասիրության համար: Մասնավորապես, աստղագետները կարծում են, որ Մարսը ժամանակին ունեցել է խիտ մթնոլորտ, սակայն միլիարդավոր տարիների ընթացքում Արեգակն իր ազդեցությամբ ոչնչացրել է այն:


 
 
 
 
  • Արխիվ