Microsoft-ը մտադիր է իր տեսախաղերն անվճար դարձնել PC համակարգիչների և կոնսոլների վրա

12 դեկտեմբերի, 2023  16:27

Microsoft-ը դիտարկում է Xbox Game Pass ծառայության անվճար մուտքի հնարավորություն տրամադրել Xbox կոնսոլներին և PC համակարգիչներին, փոխարենը դրանց տերերը ստիպված կլինեն գովազդ դիտել այդ ծառայության դիմաց: Այս մասին հայտնում է Windows Central-ը՝ վկայակոչելով Microsoft Gaming-ի ֆինանսական տնօրեն Թիմ Ստյուարտի խոսքերը։

Ըստ Ստյուարտի՝ նման մոդելն առավել արդիական է Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև Հնդկաստանի երկրների համար, որտեղ խաղացողները, սկզբունքորեն, դեռ կենտրոնացած չեն խաղային կոնսոլների վրա։ Ըստ Ստյուարտի՝ լսարան գրավելու համար նրանք կարող են առաջարկել Xbox Game Pass-ի երկու ժամ տևողությամբ հասանելիություն 30 վայրկյան գովազդ դիտելու դիմաց:

«Գիտեք, Աֆրիկայում բնակչության 50%-ը 23 տարեկան կամ ավելի երիտասարդներ են, աճող տնօրինվող եկամտի բազայով և բջջային հեռախոսներով: Այսպիսով, մենք կարող ենք օգտագործել մեր նոր բիզնես մոդելը և այդ կերպ ներգրավել միլիոնավոր նոր խաղացողների»,- ասել է Ստյուարտը:

Ըստ Windows Central-ի՝ միայն թոփ մենեջերի խոսքերը չէ, որ ակնարկում են Microsoft-ի այս ռազմավարության մասին։ Նախկինում ընկերությունն արդեն հարցումներ է անցկացրել անվճար Xbox Game Pass-ի թեմայով։ Ավելին, X (Twitter) սոցցանցի ինսայդեր Title_OS-ի տվյալներով՝ ՏՏ հսկան նույնիսկ անվճար ծառայություն է փորձարկում։ Նրա խոսքով՝ թեստային տարբերակում խաղի կատալոգ անվճար մուտք ստանալու ժամանակը գեյմերը «վաստակում է» 15 րոպեանոց բլոկներով։ Չի նշվում, թե քանի վայրկյան գովազդ է պետք դիտել նման բլոկ ստանալու համար։


 
 
 
 
  • Արխիվ