Հաքերային նոր ծրագիրը ստեղնաշարի միջոցով լրտեսում է iPhone ունեցողներին․ ինչպե՞ս ազատվել դրանից

11 դեկտեմբերի, 2023  12:23

Հաքերները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս լրտեսել iPhone-ի սեփականատերերին՝ օգտագործելով երրորդ կողմի ստեղնաշարեր: Այս մասին հայտնում է PhoneArena կայքը՝ հղում անելով Certo Software-ի ուսումնասիրությանը։

Նշվում է, որ չարագործները Apple-ի սմարթֆոնների համար նախատեսված վնասակար հավելվածներ են վաճառել մարդկանց, որոնք ցանկացել են վերահսկել իրենց ընկերներին, սիրելիներին կամ այլ մարդկանց։ Լրտեսող ծրագիրը քողարկվել է որպես երրորդ կողմի ստեղնաշարի հավելված՝ ձայնագրելով բոլոր մուտքագրված տեքստերը և դրանք փոխանցելով շահագրգիռ կողմերին:

Certo Software-ի մասնագետներն ընդգծել են, որ Apple-ը սովորաբար թույլ չի տալիս, որպեսզի նման հավելվածները ներկայացված լինեն App Store-ում։ Այնուամենայնիվ, հաքերները շրջանցում են ընկերության պաշտպանությունը՝ օգտագործելով TestFlight ծառայությունը, որը նախատեսված է ծրագրավորողների կողմից հավելվածները փորձարկելու համար։ Հենց սա էլ թույլ է տալիս նրանց տեղադրել ծրագրակազմ՝ առանց App Store-ում հրապարակելու անհրաժեշտության։ Հավելվածը նրանք վաճառել են $30-ով։

Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ վնասակար ծրագրի տեղադրումը պահանջում է ֆիզիկական մուտք դեպի տվյալ հեռախոս: Այս կապակցությամբ փորձագետները iPhone հեռախոսներ ունեցողներին խորհուրդ են տալիս սկանավորել իրենց սարքերը և հեռացնել երրորդ կողմի բոլոր անհայտ ստեղնաշարերը, որոնք կարելի է գտնել ստեղնաշարի «Կարգավորումների» բաժնում:


 
 
 
 
  • Արխիվ