WhatsApp-ը նոր գործառույթ է ներկայացրել․ ձայնային հաղորդագրությունները կարող են «ինքնաոչնչանալ»

8 դեկտեմբերի, 2023  12:21

WhatsApp հանրահայտ մեսենջերը ներկայացրել է ձայնային հաղորդագրությունների ինքնաոչնչացման գործառույթ, որը կոչվում է «Տեսնել մեկ անգամ» (View Once): Այս գործառույթը 2021-ից գործում է լուսանկարների և տեսանյութերի համար, սակայն այժմ այն ​​տարածվում է նաև ձայնային հաղորդագրությունների վրա՝ բարձրացնելով հավելվածում հաղորդակցության գաղտնիության մակարդակը։

Մեսենջերի մշակողներն առաջարկում են նոր գործառույթն օգտագործել այն դեպքերում, երբ պահանջվում է խիստ գաղտնիություն, օրինակ՝ զգայուն տեղեկություն փոխանցելիս:

WABetaInfo ռեսուրսի տվյալներով՝ գործառույթն աստիճանաբար կներդրվի iOS և Android հարթակների հավելվածում։ Ակնկալվում է, որ թարմացումը հասանելի կդառնա առաջիկա օրերին: Ջնջվող ձայնային հաղորդագրությունների կողքին հստակ նշված է, որ դրանք հնարավոր է նվագարկել միայն մեկ անգամ, որից հետո դրանք ջնջվում են։

Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջերս բազմաթիվ նոր ու օգտակար գործառույթներ է ստացել։ Այսպես, iOS-ով աշխատող սարքերի համար հնարավոր է դարձել նույնականացումն անել էլփոստի միջոցով։ Այսուհետ հնարավոր է նաև ուղարկել մեդիա ֆայլեր՝ լուսանկարներ և տեսանյութեր, իրենց սկզբնական չափերով՝ առանց սեղմման և որակի կորստի: Այդուհանդերձ, կա ուղարկվող ֆայլերի մեծության սահմանափակում՝ մինչև 2 ԳԲ:

Բացի դրանից, վերջերս WhatsApp-ի iPhone-ի բետա տարբերակում հայտնվել էր նոր գործառույթ, որը խմբային չատերի մասնակիցներին թույլ է տալիս կիսվել իրենց էկրանի բովանդակությամբ և հեռարձակել ֆիլմեր ու երաժշտություն իրենց զրուցակիցներին: Այս գործառույթը դեռ հասանելի չէ Android-ի բետա տարբերակներում, և հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի:


 
 
 
 
  • Արխիվ