WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել, որը տեսազանգերն ավելի ինտերակտիվ կդարձնի

6 դեկտեմբերի, 2023  18:15

WhatsApp-ի` iPhone-ի համար նախատեսված բետա տարբերակում հայտնաբերվել է նոր գործառույթ, որը խմբակային չատերի օգտատերերին թույլ է տալիս կիսվել իրենց էկրանի բովանդակությամբ և հեռարձակել ֆիլմեր ու երաժշտություն իրենց զրուցակիցներին: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը հայտնաբերվել է iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի 23.25.10.72 համարով բետա տարբերակում, որը կարելի է ներբեռնել TestFlight-ում։ Այս գործառույթը միացնելու ժամանակ օգտատիրոջ սարքում նվագարկվող ձայնը զանգի ընթացքում կփոխանցվի մյուս օգտատերերին: Նշվում է, որ նոր գործառույթը համատեղելի չէ ձայնային կամ տեսազանգերի հետ՝ առանց սեփական էկրանի հեռարձակման։

Ինչպես նշում է WABetaInfo-ն, նոր հնարավորությունը թույլ կտա օգտատերերին միասին ֆիլմեր, վիդեո պրեզենտացիաներ դիտել և լսել երաժշտություն, ինչպես նաև ավելի ինտերակտիվ կդարձնի խմբակային տեսազանգերը։

Նոր հնարավորությունը ներկայումս հասանելի է միայն փորձարկմանը մասնակցողներին։ Այն դեռ չի ավելացվել Android-ի բետա տարբերակներում։ Հայտնի չէ, թե WhatsApp-ն այս գործառույթը երբ հասանելի կդարձնի մեսենջերի կայուն տարբերակների օգտատերերի համար։


 
 
 
 
  • Արխիվ