Ծիր Կաթինի կենտրոնում այլմոլորակային գալակտիկայի աստղ է հայտնաբերվել․ ինչպե՞ս է այն հասել այդտեղ

7 դեկտեմբերի, 2023  22:28

Ծիր Կաթին գալակտիկայի հենց կենտրոնում գտնվող աստղին ութ տարի հետևելուց հետո ճապոնացի գիտնականները եկել են եզրակացության, որ այն մեր գալակտիկա եկել է մեկ այլ գալակտիկայից: Սա նման օբյեկտի առաջին ապացուցային դիտարկումն է։ Այժմ գիտնականները պետք է ավելի շատ մանրամասներ պարզեն խորհրդավոր աստղի և նրա համակարգի մասին:

S տիպի աստղը, որը կոչվում է S0-6, հայտնաբերվել է մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող Աղեղնավոր A* գերզանգվածային սև խոռոչի մոտակայքում: S տիպի աստղերը սովորաբար շարժվում են խիստ երկարաձգված, երկարաժամկետ ուղեծրերով։ S0-6 աստղը բացառություն չէ, սակայն այն պտտվում է ընդամենը 40,000 լուսատարի հեռավորության վրա գտնվող սև խոռոչի շուրջ։ Աստղի երկարատև դիտարկումները հաստատել են դրա հետագիծը սև խոռոչի շուրջ։ Քանի որ սև խոռոչների շրջակայքը չի նպաստում աստղերի ձևավորմանը, գիտնականները եկել են եզրակացության, որ խնդրո առարկա աստղն այնտեղ է եկել այլ վայրից: Սակայն որտեղի՞ց։

Աստղի լույսի սպեկտրային վերլուծությունն օգնել է պատասխանել այս հարցին: Նախ՝ սպեկտրում ծանր տարրերի գծերի առկայության և դրանց ինտենսիվության հիման վրա կարելի է եզրակացություն անել աստղի տարիքի մասին։ Որքան քիչ ծանր տարրեր է պարունակում աստղը, այնքան այն ավելի մեծ տարիք ունի: Աստղագետները S0-6-ի տարիքը գնահատել են 10 միլիարդ տարի: Այն ընդամենը 3 միլիարդ տարով է երիտասարդ է Ծիր Կաթինից:

Երկրորդ՝ սպեկտրալ վերլուծությունը բացահայտում է օբյեկտի քիմիական բաղադրությունը: Պարզվել է, որ S0-6-ի քիմիական բաղադրությունը լիովին տարբերվում է ուսումնասիրված տիեզերական տարածաշրջանի մյուս աստղերի բաղադրությունից: Սա նշանակում է, որ աստղը ծնվել է մեկ այլ տեղ և միայն շատ ավելի ուշ է «գրավվել» մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչի կողմից:

Նաև պարզվել է, որ S0-6-ի քիմիական բաղադրությունը նման է Ծիր Կաթինին շրջապատող գաճաճ գալակտիկաների աստղերի բաղադրությանը: Այսպիսով, գիտնականները կարծում են, որ այն մեր գալատիկա եկել է այլ գալակտիկայից, որը չպետք է զարմացնի, քանի որ կյանքի ընթացքում Ծիր Կաթինը կուլ է տվել մեկից ավելի գաճաճ գալակտիկաներ, որոնցից մեկի աստղերից մեկը կարող էր հասնել Ծիր Կաթինի կենտրոն։


 
 
 
 
  • Արխիվ