Yandex-ը iPhone-ում խոցելիություն է հայտնաբերել․ որքանո՞վ է այն վտանգավոր

4 դեկտեմբերի, 2023  14:19

Yandex-ը iPhone-ի սեփականատերերին նախազգուշացրել է iOS 17 օպերացիոն համակարգում գործառույթներից մեկում առկա խոցելիության մասին: Խոսքը Contact Posters գործառույթի մասին է, որն iPhone-ի օգտատերերին թույլ է տալիս ընտրել պատկեր և անուն, որը կտեսնեն այլ iPhone-ների տերերն իրենցից զանգ ստանալիս: Դրա օգնությամբ խաբեբաները կարող են մոլորության մեջ գցել օգտատերերին՝ ներկայանալով որպես ոստիկանության կամ բանկային անվտանգության ծառայության աշխատակիցներ, զգուշացնում է Yandex-ը։

AppleInsider.ru կայքի գլխավոր խմբագիր Ռենատ Գրիշինի խոսքով՝ այս գործառույթը լուրջ վտանգ չի ներկայացնում, քանի որ օգտատիրոջը մոլորեցնելու համար պետք է զանգահարել հենց iPhone-ից։ Ըստ նրա՝ խարդախությամբ զբաղվող բոլոր խոշոր խմբերն աշխատում են զանգերի կենտրոնների միջոցով, նրանք նաև օգտագործում են հատուկ տեխնոլոգիական ծրագրեր, որոնք զանգեր են կատարում։ «Առայժմ սա զուտ տեսական հնարավորություն է թվում»,- ասել է Գրիշինը:

Միևնույն ժամանակ Yandex-ը հայտնել է, որ խնդրի մասին տեղեկացրել են Apple-ին և խնդրել շտկել խոցելիությունը։ Ինչպես կարծում է «Интернет-розыск» ընկերության սեփականատեր Իգոր Բեդերովը, այս թերությունը կարճ ժամանակում կվերացվի։

«Այստեղ խոսքը մի փոքր խոցելիության մասին է, որը վերաբերում է միայն օգտատիրոջ նկարի փոխարինմանը։ Այսինքն՝ iOS-ի միջոցով, սա, իհարկե, կարելի է վերացնել, կարծում եմ՝ քանի օրվա, եթե ոչ ժամերի ընթացքում»,- նշել է նա։

«Կանոնները նույնն են. մենք միշտ հիմնվում ենք այն փաստի վրա, որ մեզ զանգում է չարագործ։ Դուք միշտ կարող եք հետ զանգել ոստիկանության բաժին, բանկ, ցանկացած վայր, որպեսզի ստուգեք, թե արդյոք նրանք իսկապես փորձել են կապվել ձեզ հետ: Պետք չէ զանգահարողին անմիջապես փոխանցել որևէ ծածկագիր»,- զգուշացրել է փորձագետը։


 
 
 
 
  • Արխիվ