Ճապոնական Ispace-ը կփորձի Լուսնի վրա ռովեր իջեցնել․ ի՞նչ նոր հնարավորություններ ունի այն

17 նոյեմբերի, 2023  22:09

Թեև Լուսնի մակերեսին ռովեր իջեցնելու Ispace-ի առաջին փորձը ձախողվեց, ճապոնական ընկերությունը նախատեսում է Լուսին ուղարկել երկրորդ առաքելությունը։ Այն կարձակվի SpaceX Falcon 9 հրթիռով այս ձմռանը, տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ispace-ի գործադիր տնօրենի հայտարարությունը։

«Մեզ գուցե առաջին անգամ չհաջողվեց վայրէջք կատարել Լուսնի վրա, բայց ձեռք բերած փորձը և հավաքած տվյալները շատ կարևոր նշանակություն ունեն»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Տակեշի Հակամադան:

Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված նոր սարքը կոչվում է Resilience (նախորդը կոչվում էր Hakuto-R)։ Այն կունենա ջրի էլեկտրոլիզատոր, սննդի արտադրության փորձարկումների համար նախատեսված մոդուլ, հեռավոր տիեզերքի ուսումնասիրության համար նախատեսված զոնդ, ճապոնական Gundam անիմե շարքի պատկերով մետաղական թիթեղ և Ispace-ի մշակած փոքրիկ լուսնագնաց:

ispace_2.jpg (236 KB)

Լուսնագնացը կշռում է մոտ 5 կգ և ունի 26 սմ բարձրություն։ Այն ստացել է բարձր լուծաչափով տեսախցիկ՝ Լուսնի մակերևույթը նկարահանելու և գոգաթիակ՝ հողի նմուշներ հավաքելու համար։ Ispace-ի եվրոպական ստորաբաժանումը, որը մշակել և կառուցել է սարքը, ընդգծել է, որ փորձել են լուսնագնացը պատրաստել այնպես, որ այն հնարավորինս կոմպակտ և թեթև լինի։

«Յուրաքանչյուր գրամը կարևոր է: Չնայած այն հանգամանքին, որ այն փոքր է, չնայած այն հանգամանքին, որ այն շատ լավիկն է, այն նաև շատ դիմացկուն է»,- ասել է Ispace Europe-ի ղեկավար Ջուլիեն Լամամին։

Ընկերությունն ընդգծել է, որ ամբողջությամբ կվերամշակի «Առաքելություն 2» թռիչքի մոդելը. այն կներառի ծրագրային փորձարկումներ, վայրէջքի սիմուլյացիաների ավելի լայն շրջանակ, իսկ ռադարների սենսորների լրացուցիչ դաշտային փորձարկման շնորհիվ կբարձրանա նավիգացիոն ճշգրտությունը։

2010-ին հիմնադրված ճապոնական Ispace-ը նախատեսում է մինչև 2040-ը Լուսնի վրա բնակավայր կառուցել և գումար աշխատել՝ սնունդ և սարքավորումներ մատակարարելով:


 
 
 
 
  • Արխիվ