WhatsApp-ի օգտատերերն այլևս չեն ունենա հավելվածների որոշ տվյալներ անվճար պահելու հնարավորություն

16 նոյեմբերի, 2023  17:16

WhatsApp-ի Android տարբերակի օգտատերերն այլևս չեն կարողանա Google Drive-ում անվճար պահել չատերի և լուսանկարների կրկնօրինակները, ինչպես նախկինում էր:

Ինչպես հաղորդվում է WhatsApp-ի պաշտոնական բլոգում, բետա օգտատերերի համար փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա դեկտեմբերին, իսկ մեսենջերի մյուս բոլոր Android օգտատերերի համար՝ 2024-ի առաջին կեսից։ Օգտատերերը ծանուցում կստանան նոր կանոնների ներդրումից մեկ ամիս առաջ:

Google-ը հաստատել է, որ WhatsApp-ի չատի պահեստային կրկնօրինակումը կշարունակի աշխատել՝ հիմնվելով Google Drive-ի հասանելի տարածքի վրա: Այնուամենայնիվ, անվճար պլանը միայն 15 ԳԲ տվյալների հնարավորություն է ընձեռում, ինչը նշանակում է, որ որոշ օգտատերերի կարող է ամպային պահեստային լրացուցիչ տարածք անհրաժեշտ լինել, կամ նրանք ստիպված կլինեն ջնջել ավելորդ տվյալները: WhatsApp-ի տվյալները ջնջելու դեպքում դրանք կջնջվեն նաև ձեր Google Drive-ի կրկնօրինակից:

Նշենք, որ iOS օպերացիոն համակարգով աշխատող WhatsApp-ի օգտատերերի համար այս պայմանները գործում են հենց սկզբից։ Ավելին, Apple-ը տրամադրում է ընդամենը 5 ԳԲ անվճար ամպային պահեստ:

Google Drive-ի պահեստային կրկնօրինակներն օգտագործվում են WhatsApp-ի զրույցները և դրանց բովանդակությունը տեղափոխելու և պահպանելու համար: Սարքը փոխելու դեպքում օգտատերը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և վերականգնել բոլոր տվյալները կրկնօրինակի միջոցով։ WhatsApp-ը նաև տրամադրում է ձեռքով փոխանցման հնարավորություն՝ առանց ամպային պահեստավորման օգտագործման:


 
 
 
 
  • Արխիվ