Այսօր Երկրին կբախվի մագնիսական հզոր փոթորիկ․ ինչպե՞ս նվազեցնել ինքնազգացողության վրա դրա ազդեցությունը

16 նոյեմբերի, 2023  12:02

Այսօր Երկիրը կծածկվի ուժեղ մագնիսական փոթորկով։ Կանխատեսվում է, որ այս փոթորիկը կհասնի K ինդեքսի (Մոլորակային մոտավոր ինդեքս) 7-դ մակարդակի, որը համարվում է բարձր (կարմիր), տեղեկացնում է Meteoagent-ը:

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը

Արեգակի վրա պարբերաբար տեղի են ունենում պայթյուններ և պոռթկումներ, որոնք առաջացնում են արեգակնային էներգիայի արտանետումներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Երկիր։

Արեգակնային էներգիան բաղկացած է լիցքավորված մասնիկներից (պրոտոններ և էլեկտրոններ), որոնք կարող են արագ ճանապարհորդել տիեզերքով: Երբ այս էներգիան շփվում է Երկրի մագնիտոսֆերայի հետ, այն առաջացնում է ակտիվություն, որը կոչվում է մագնիսական կամ արևային փոթորիկներ:

Գիտնականների կարծիքով, մագնիսական փոթորիկները տարբերվում են դասակարգով և հզորությամբ՝ K ինդեքսի 2-րդ մակարդակից մինչև մինչև K ինդեքսի 9-րդ մակարդակ: Որքան բարձր է ինդեքսը, այնքան մեծ է մագնիսական փոթորկի հզորությունը և, համապատասխանաբար, դրա հետևանքները:

K նդեքսի 5-րդ և ավելի բարձր մակարդակի փոթորիկները կարող են հանգեցնել մարդկանց ինքնազգացողության վատացմանը, արբանյակների, բջջային կապի և GPRS-ի աշխատանքի խաթարմանը: Արեգակնային փոթորիկների ժամանակ K ինդեքսի 7-9-րդ մակարդակները կարող են բևեռափայլեր առաջացնել։

Ի՞նչ է հայտնի այս փոթորկի մասին

Համաձայն NOAA, TESIS արբանյակային համակարգերի և ամբողջ աշխարհի միջազգային օդերևութաբանական լաբորատորիաների տվյալների՝ գեոմագնիսական իրավիճակն սկսել է վատանալ արդեն նոյեմբերի 15-ից. մագնիսական փոթորիկը հասել է K-ինդեքս 4-րդ մակարդակի:

Իսկ նոյեմբերի 16-ին սպասվում է ուժեղ բռնկում՝ մագնիսական փոթորիկը կհասնի K-ի ինդեքսի՝ 7-րդ մակարդակի, որը համապատասխանում է կարմիր մակարդակի փոթորկին։

Նոյեմբերի 17-ին մագնիսական փոթորիկը կմարի, և մագնիտոսֆերան կկայունանա։ Գիտնականները հաջորդ կարմիր մակարդակի փոթորիկը կանխատեսում են նոյեմբերի 22-ին։

K-index.jpg (218 KB)

Մագնիսական փոթորիկի ազդեցությունը մարդու վրա

Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ անմիջական կապ կա նման օրերին մագնիսական փոթորիկների և մարդկանց ինքնազգացողության միջև: Սովորաբար մարդիկ բողոքում են գլխացավերից, թուլությունից, ավելի հաճախ դիմում են բժիշկների օգնությանը, հատկապես սրտաբաններին։ Առավել հաճախ հանդիպող գանգատներն են՝ գլխացավ, գլխապտույտ, միգրեն, ցերեկային ուժեղ քնկոտություն, գիշերը քնի խանգարում, ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, կենտրոնացման խանգարում, անհանգստության բարձրացում, դյուրագրգռություն և ագրեսիա։

Այնուամենայնիվ, մագնիսական փոթորիկներն ամենամեծ վտանգը ներկայացնում են տիեզերագնացների համար, որոնք գտնվում են Երկրի մթնոլորտի պաշտպանիչ վահանից դուրս: Նրանք գտնվում են ճառագայթման բարձր մակարդակի ազդեցության վտանգի տակ, ինչը մեծապես մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ինչպե՞ս նվազեցնել մագնիսական փոթորկրի ազդեցությունը առողջության վրա

Բժիշկները նման դեպքերի համար տալիս են ընդհանրական բնույթի խորհուրդներ՝ հետևել ամենօրյա սովորական գրաֆիկին, քնել առնվազն 7-9 ժամ, ուտել վիտամիններով հարուստ սնունդ, բացառել կծու, անառողջ և աղի մթերքները և ալկոհոլը, ավելի շատ հանգստանալ, ֆիզիկապես և էմոցիոնալ առումով չծանրաբեռնվել, զբոսնել մաքուր օդում, վարժություններ անել, օդափոխել սենյակը։ Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:


 
 
 
 
  • Արխիվ