YouTube-ը նոր կանոն է սահմանում նեյրոցանցերի ստեղծած կեղծիքների դեմ պայքարելու համար

15 նոյեմբերի, 2023  20:26

YouTube-ը նոր կանոն է սահմանում նեյրոցանցերի ստեղծած կեղծիքների դեմ պայքարելու համար. այսուհետ բովանդակություն ստեղծողները պարտավոր են հատուկ մակնշել այն տեսանյութերը, որոնք ստեղծվել են արհեստական բանականության ստեղծած բովանդակության միջոցով։

Ինչպես հայտնում է Kotaku-ն, YouTube-ի արտադրանքի կառավարման գծով փոխնախագահներ Ջենիֆեր Ֆլանների Օ'Քոնորը և Էմիլի Մոքսլին նոր քաղաքականությունը ներկայացրել են հարթակի պաշտոնական բլոգում։

Դատելով YouTube-ի բլոգում ներկայացված տեսանյութերի օրինակներից, որոնցում օգտագործված է արհեստական բանականության ստեղծած բովանդակություն, նոր կանոնն ուղղված է տարբեր տեսակի կեղծիքների դեմ պայքարելուն, ներառյալ դիփֆեյքերը (deep fake), որտեղ արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը կարող է ապակողմնորոշիչ լինել և մտացածին իրադարձությունների իրատեսական ցուցադրություն։

YouTube-ը նաև հայտարարել է, որ պատրաստ է հեռացնել որոշ տեսանյութեր, նույնիսկ այնպիսիք, որոնցում նշվում է, որ ստեղծվել են արհեստական ​​բանականության միջոցով, եթե դրանք պարունակեն ատելության խոսք կամ բռնություն հրահրելու տեսարաններ։

Չնայած նոր կանոնի ներդրմանը, Kotaku-ն վստահ չէ, որ այն լիարժեք ու արդյունավետ կերպով կգործի, քանի որ YouTube-ը կարծես թե չունի այն գործիքները, որոնք միանշանակ կնույնականացնեն արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը: 


 
 
 
 
  • Արխիվ