iOS 18-ը կարող է iPhone-ի ամենահավակնոտ թարմացումը լինել 2020-ից ի վեր

14 նոյեմբերի, 2023  16:21

iOS 18 բջջային օպերացիոն համակարգի թողարկումն սպասվում է 2024-ին, և Apple-ը մեծ հույսեր է կապում դրա հետ։ Շատ փորձագետներ նաև վստահ են, որ iOS 18-ը կլինի iPhone-ի ամենահավակնոտ թարմացումը 2020-ից ի վեր: Նման կարծիք է հայտնել նաև Bloomberg-ի հայտնի ինսայդեր և լրագրող Մարկ Գուրմանը իր Power On տեղեկագրում։

Apple-ի ներքին փաստաթղթերը iOS 18-ը նկարագրում են որպես «հավակնոտ և գրավիչ» նախագիծ: Ընկերությունը նախատեսում է վերանայել ինտերֆեյսի դիզայնը, բարելավել արագությունը, ավելացնել անվտանգության նոր հնարավորություններ և էական փոփոխություններ կատարել ֆունկցիոնալության մեջ: Apple-ն այժմ փորձում է առավելագույնը մրցակցել Google-ի և OpenAI-ի հետ արհեստական բանականության ոլորտում և ակնկալվում է, որ iOS 18-ը նաև կներկայացնի նոր հնարավորություններ, որոնք հիմնված կլինեն Apple-ի սեփական գեներատիվ արհեստական ​​բանականության վրա:

Ամենայն հավանականությամբ, iMessage-ում կհայտնվեն պատասխանների խելացի առաջարկներ, իսկ Apple Music-ում կհայտնվեն գեներատիվ երգացանկեր: Բացի դրանից, սպասվում է, որ օպերացիոն համակարգի նոր տարբերակում Siri-ն շատ ավելի խելացի կդառնա։

Մարկ Գուրմանը այլ մանրամասներ չի հաղորդում iOS 18-ի ապագայի մասին, սակայն ընդգծում է, որ այս տարբերակը պետք է լինի 2020-ին iOS 14-ի թողարկումից ի վեր ամենամեծ թարմացումը։ iOS 14-ը զգալի փոփոխություններ բերեց շուկայում, այդ թվում՝ վիջեթների ներդրումը, ինչպիսիք Android-ինն են։ Ոչ պակաս լուրջ թարմացումներ, ամենայն հավանականությամբ, սպասվում են iOS 18-ում:

«Apple-ը 2024-ին ծրագրային ապահովման դժվարին մարտահրավերի առաջ է կանգնած: iOS-ի մի քանի տարվա աննշան թարմացումներից հետո iPhone-ի և iPad-ի օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը կարող է ինչ-որ առումով հեղափոխական լինել»,- գրել է Գուրմանը:

Նրա խոսքով՝ iOS-ի թարմացումը պետք է շատ տպավորիչ լինի մեկ այլ պատճառով․ հաջորդ տարի iPhone 16-ում ապարատային լուրջ բարելավումներ չեն լինի, ուստի ընկերությունը, ամենայն հավանականությամբ, օգտատերերի ուշադրությունը կփորձի գրավել ծրագրային ապահովման միջոցով։

Հիշեցնենք, որ Apple-ը ժամանակավորապես կասեցրել է նոր գործառույթների մշակումն իր հաջորդ iOS 18 և macOS 15 օպերացիոն համակարգերի համար, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնի սխալների շտկմանը և օպերացիոն համակարգերի կատարելագործմանը։ Այս որոշումը նպատակ ունի բարելավել ինտերֆեյսը, հատկապես հաշվի առնելով այն, որ ընթացիկ տարբերակներում սխալների թիվն ավելանում է։


 
 
 
 
  • Արխիվ