Հայտնաբերվել է ամենահեռավոր սև խոռոչը․ ինչո՞վ է այն առանձնահատուկ և ի՞նչ կտա դրա ուսումնասիրությունը

13 նոյեմբերի, 2023  22:26

NASA-ի աստղաֆիզիկոսները գտել են ռենտգենյան դիտարկումների ողջ պատմության ընթացքում առ այսօր հայտնաբերված Երկրից ամենահեռուն գտնվող սև խոռոչը: Օբյեկտը հայտնաբերվել է Chandra ռենտգենյան աստղադիտարանի և James Webb ինֆրակարմիր աստղադիտակի դիտարկումների շնորհիվ։ Աստղագետները հույս ունեն, որ դա կօգնի բացատրել, թե ինչպես են առաջացել տիեզերքի առաջին գերզանգվածային սև խոռոչները:

Ինչպես պարզել է Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի գիտնականների թիմը՝ Ակոս Բոգդանի գլխավորությամբ, գերզանգվածային մեծացող սև խոռոչը գտնվում է UHZ1 կոչվող գալակտիկայում: Առաջին դիտարկումները ցույց են տվել, որ գալակտիկան գտնվում է Աբել 2744 կլաստերում՝ Երկրից 3,5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գալակտիկան շատ ավելի հեռու է եղել՝ Երկրից 13,2 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։

Սև խոռոչը և դրա մայր գալակտիկան մոտ 470 միլիոն տարեկան են: Աստղաֆիզիկոսների խումբը նաև ապացույցներ է գտել, որ UHZ1-ի սև խոռոչը հսկայական զանգված է ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ այն դեռ նոր է ի հայտ է եկել: Դրա զանգվածն այժմ տատանվում է 10-ից 100 միլիոն Արեգակի միջև, ինչը մոտավորապես նույնն է, ինչ դրա գալակտիկայի բոլոր աստղերի զանգվածը միասին: Հենց իր այս չափերով էլ այն շատ է տարբերվում մյուս սև խոռոչներից, որոնց զանգվածը սովորաբար չի գերազանցում մայր գալակտիկայի մեկ տասներորդը:

UHZ1 .JPG (65 KB)

«Կան ֆիզիկական սահմանափակումներ, թե որքան արագ սև խոռոչները կարող են աճել ձևավորվելուց հետո: Այնուամենայնիվ, սև խոռոչները, որոնք ծնվում են ավելի մեծ զանգվածով, առավելություն ունեն։ Դա նման է փոքր սերմի փոխարեն ծառի տնկի տնկելուն»,- ասել է հետազոտության համահեղինակ Էնդի Գոլդինգը Փրինսթոնի համալսարանից:

Chandra աստղադիտարանի միջոցով այս գալակտիկայի երկու շաբաթ տևած դիտարկումները ցույց են տվել, որ այնտեղ գերտաքացած գազ կա, որն ինտենսիվորեն ռենտգենյան ճառագայթներ է արձակում: Ինչպես նշել են NASA-ից, սա տարբերակիչ նշան է, որ սև խոռոչն ակտիվորեն աճում է։

Աստղաֆիզիկոսների դիտարկումները համահունչ են 2017-ին Յելի համալսարանի ֆիզիկոս Պրիյամվադա Նատարաջանի տեսական կանխատեսումներին, որ գերզանգվածային սև խոռոչները ձևավորվում են հսկայական գազային ամպի փլուզումից:

«Մենք կարծում ենք, որ սա մինչ օրս ստացված լավագույն ապացույցն է, որ որոշ սև խոռոչներ գոյանում են գազային զանգվածային ամպերից,- ասել է Նաթարաջանը,- Սա առաջին անգամն է, որ նկատում ենք գերզանգվածային սև խոռոչ իր զարգացման այսքան վաղ փուլում, որի քաշը մոտավորապես նույնն է, ինչ իր գալակտիկայի աստղերի քաշը»:

Աստղաֆիզիկոսները հուսով են, որ սև խոռոչը կօգնի հստակեցնել, թե ինչպես են գերզանգվածային սև խոռոչները ձևավորվելուց ընդամենը մի քանի հարյուր միլիոն տարի անց կարողանում հասնել այդպիսի զանգվածների:


 
 
 
 
  • Արխիվ