Microsoft-ը և Inworld AI-ը կհամագործակցեն. ԱԲ-ն այժմ կօգնի տեսախաղեր ստեղծել

9 նոյեմբերի, 2023  21:30

Microsoft-ը հայտարարել է Inworld AI-ի հետ բազմամյա համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունները կմշակեն արհեստական բանականության գործիքներ, որոնք կարող են օգտագործվել տեսախաղեր ստեղծելու համար։

Այս համագործակցությունը ենթադրում է օգտագործել կերպարների մշակման նպատակով գեներատիվ արհեստական բանականության մոդելների հետ աշխատելու Inworld AI-ի փորձը, ինչպես նաև Microsoft Research-ի տեխնիկական փորձը խաղերի արդյունաբերության ապագայի և Azure OpenAI-ի հզոր լուծումների ոլորտում։

Աշխատանքի հիմնական ոլորտներից մեկը կլինի արհեստական բանականության զարգացումը, որը խաղերի դիզայներներին կօգնի ուսումնասիրել ստեղծագործական գաղափարների ավելի լայն շրջանակ: Արհեստական բանականությունը կստեղծի սցենարներ, երկխոսության թեմաներ, քվեսթներ և խաղի այլ տարրեր՝ հիմնվելով խաղի դիզայների խորհուրդների վրա:

Համագործակցության երկրորդ ուղղությունն արհեստական բանականության վրա հիմնված մեխանիզմի ստեղծումն է, որը խաղացողների համար դինամիկ կերպով քվեսթներ և երկխոսություններ կստեղծի խաղում:

Թեև դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կթողարկվեն արհեստական բանականության մասնակցությամբ ստեղծված առաջին խաղեր, այս համագործակցությունը հեռանկարներ է բացում խաղային արդյունաբերության հետագա զարգացման համար:

Մյուս կողմից, այս համագործակցության արդյունքում շատ ծրագրավորողներ, խաղերի դիզայներներ, սցենարիստներ և ոլորտի շատ այլ աշխատողներ կարող են զրկվել աշխատանքից, ինչը կարող է շատ խնդիրներ ստեղծել այս ոլորտում:


 
 
 
 
  • Արխիվ