NASA-ն հրապարակել է Մարսի վրա ջրային սառույց պարունակող վայրերի քարտեզը․ ինչո՞ւ է դա կարևոր

28 հոկտեմբերի, 2023  12:31

NASA-ի փորձագետները ներկայացրել են Մարսի թարմացված քարտեզը, որում նշվում են այն վայրերը, որտեղ ջրային սառույցը գտնվում է ոչ ավելի, քան մեկ մետր խորության վրա: Սառույցի առկայությունը նշանակում է, որ այն հնարավոր է վերածել ջրի, ինչն էլ վառելիք կապահովի և կդառնա կյանքի աղբյուր։ Հեշտ հասանելի սառույցի առկայությունը նաև որոշիչ գործոն կլինի Մարսի վրա ապագայում վայրէջք կատարելու վայրի ընտրության հարցում:

Դեպի Կարմիր մոլորակ առաքելությունների համար անհրաժեշտ է, որպեսզի ջուրը լինի ոչ թե կամայական վայրում, այլ միջին լայնություններում: Այս պահին առկա տվյալներով՝ ջրային սառույց կա Մարսի բևեռներում և ենթաբևեռային շրջաններում, որտեղ ցածր ջերմաստիճանը թույլ չի տա, որ այն գոլորշիանա: Սակայն բևեռում և արկտիկական շրջանում ապրելը թանկ հաճույք է ռեսուրսների այրման առումով։

mars_m.jpg (615 KB)

Հասարակածային գոտին, թեև ամենատաքն է, այդուհանդերձ, հարմար չէ փափուկ վայրէջքի համար ոչ նպաստավոր պայմանների պատճառով. առանց այդ էլ Մարսի մթնոլորտն այնտեղ շատ, շատ բարակ է, ինչը դժվարություններ կառաջացնի վայրէջք կատարող սարքերի արգելակման համար: Մարսի վրա վայրէջքի համար ամենահարմարը հասարակածին առավելագույնը մոտ միջին լայնություններն են։ Հենց այստեղ է, որ NASA-ի Ստորգետնյա ջրային սառույցի քարտեզագրման ծրագիրը փնտրում է ստորգետնյա ջրային սառույց:

Մարսի մակերեսին մինչև մեկ մետր խորության վրա ջրային սառույցի հավանական վայրերի թարմացված քարտեզը ստեղծելիս օգտագործվել են Կարմիր մոլորակն ուսումնասիրող երեք ուղեծրային սարքերի՝ Mars Reconnaissance Orbiter-ի (MRO), 2001-ի Mars Odyssey-ի և այժմ չգործող Mars Global Surveyor-ի տվյալները: Գիտնականները վերլուծում են Մարսի մակերևույթի պատկերները և դրանցում առկա որոշակի առանձնահատկությունների միջոցով որոշում, թե որտեղ կարող է լինել ջրային սառույց: Օրինակ՝ դրանք կարող են լինել սեզոնային ճաքերը կամ մակերեսային շերտերի որոշակի տեսակներ, որոնք առաջանում են հողում ջրի առկայության դեպքում:

mars_m_00.jpg (198 KB)

Մարսի վրա ջրային սառույցի նշաններ հայտնաբերելու համար հատկապես արժեքավոր են մոլորակի մակերեսի հետ երկնաքարերի համեմատաբար թարմ բախումների հետևանքով առաջացած խառնարանները: Հիմնականում դրանք 10 մետրանոց խառնարաններ են, որոնք տեղահան են անում հողը և բացում սառույցի շերտը: Որոշ դեպքերում գիտնականների բախտը բերել է, օրինակ՝ Մարսի վրա առանձնապես մեծ երկնաքարի ընկնելու հետևանքով առաջացած մինչև 150 մ տրամագծով խառնարանի հայտնաբերումը: Նման դեպքերում բարձր լուծաչափի ուղեծրային տեսախցիկները հստակ տեսնում են սառույցի հետքերը։ Գիտնականները, օգտագործելով անուղղակի տվյալներ, գտնում են ստորգետնյա սառույցի նշաններ, իսկ երկնաքարերը կարծես հաստատում են այդ հայտնագործությունները:

Ապագայում NASA-ն նախատեսում է իրականացնել Մարսի վրա ստորգետնյա սառույցի հատուկ ռադարային սկանավորման ծրագիր։ Դրա համար Մարսի ուղեծիր դուրս կգա Mars Ice Mapper սարքը՝ մասնագիտացված հզոր ռադարով: Այն կընդլայնի Մարսի վրա ջրային սառցե գոտիների քարտեզագրման գործընթացը:


 
 
 
 
  • Արխիվ