Չինաստանն արձակել է «Շենչժոու-17» տիեզերանավը․ ի՞նչ առաջադրանք ունի անձնակազմը

26 հոկտեմբերի, 2023  11:52

Չինաստանը հաջողությամբ տիեզերք է դուրս բերել «Շենչժոու-17» օդաչուավոր տիեզերանավը, որը մեկնել է չինական Տյանգոն ուղեծրային կայան, այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Long March-2F հրթիռի արձակումը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսարևելյան Գանսու գավառում գտնվող Ցզյայույգուան արբանյակների արձակման կենտրոնից տեղական ժամանակով 11:14-ին (Երևանի ժամանակով 07:14-ին):

Անձնակազմի կազմում ընդգրկված են տիեզերագնացներ Տանգ Հոնգբոն, Տանգ Շենջինը և Ցզյան Սինլինը: Նրանք ուղեծրում կմնան մոտ վեց ամիս, հայտնում է Xinhua գործակալությունը։

Shenzhou-17  astraunots .jpeg (4.38 MB)

Նախատեսվում է, որ տիեզերանավը Տյանգոն ուղեծրային կայանին կմիանա թռիչքի մեկնարկից 6,5 ժամ հետո: Սա կլինի Չինաստանի 12-րդ օդաչուավոր տիեզերական առաքելությունը:

Ի թիվս այլ բաների, Տյանգոնում չինացի տիեզերագնացների առաջադրանքն է վերանորոգել կայանի արևային մարտկոցները, որոնք վնասվել են տիեզերական աղբի փոքր բեկորներից։

Չինաստանն այս տարվա մայիսին հաջողությամբ արձակել էր «Շենչժոու-16» օդաչուավոր տիեզերանավը, որը Տյանգոն ուղեծրային կայան էր հասցրել երեք տիեզերագնացի։ Նրանք հոկտեմբերի 31-ին կլքեն կայանը և կվերադառնան Երկիր, երբ «Շենչժոու-17»-ի անձնակազմը փոխարինի նրանց։


 
 
 
 
  • Արխիվ