«Սարսափելի արագ»․ հայտնի է Apple-ի նոր միջոցառման օրը․ ի՞նչ կներկայացնի ընկերությունն այս անգամ

25 հոկտեմբերի, 2023  12:02

Apple-ը հայտարարել է հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը նախատեսված շնորհանդեսի մասին, որը կկոչվի Scary Fast («Սարսափելի արագ»)։ Ակնկալվում է, որ այս միջոցառմանը կներկայացվեն նոր Mac համակարգիչներ։

Ի տարբերություն նախորդ մի քանի շնորհանդեսների, այս մեկին մամուլը չի մասնակցի։ Սա նաև առաջին դեպքն է, երբ Apple-ը միջոցառումը կանցկացնի ուշ երեկոյան։ Ընկերությունն իր շնորհանդեսները սովորաբար անցկացնում է առավոտյան տեղական ժամանակով, սակայն այս անգամ այն կանցկացվի առցանց՝ Երևանի ժամանակով ժամը 04:00-ին։ Հեռարձակումը հասանելի կլինի Apple-ի կայքում, ինչպես նաև ընկերության YouTube էջում և Apple TV հավելվածում:

Ակնկալվում է, որ միջոցառմանը կներկայացվեն Mac համակարգիչների մի քանի նոր մոդելներ: Ըստ լուրերի՝ ընկերությունը կարող է ներկայացնել նոր iMac, ինչպես նաև թարմացված MacBook Pro նոութբուքներ։ Սակայն հիմնական հարցն այն է, թե արդյոք նոր iMac-երում կլինեն նոր սերնդի M3 պրոցեսորներ։

Ըստ 9to5Mac պորտալի՝ շատ հավանական է, որ նույն թարմացված iMac-ը ստանա Apple-ի M2 պրոցեսորները, որոնք ներկայացվել էին WWDC 2022 միջոցառմանը: Այնուամենայնիվ, այս շնորհանդեսի անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «սարսափելի արագ», հուշում է, որ գուցե ավելի նշանակալի թարմացումներ լինեն։ Վերջին անգամ Apple-ն iMac-ը թարմացրել է 2021-ի ապրիլին, երբ հայտարարեց M1 ​​չիպերի մասին։

Այս տարվա հունվարին Apple-ը յուրօրինակ վիրտուալ միջոցառում անցկացրեց, որի ժամանակ ներկայացրեց 14-դյույմանոց և 16-դյույմանոց MacBook Pro-ները՝ թարմացված M2 պրոցեսորներով: Ընկերությունն այս իրադարձության մասին նախապես չէր հայտարարել։ Փոխարենը Apple-ը նոր արտադրանքը ներկայացրեց իր կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունների և տեսանյութերի միջոցով, այլ ոչ թե ուղիղ եթերով։

Օրերս Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանն ասել էր, որ մինչև հոկտեմբերի վերջ Apple-ը կարող է նոր iMac համակարգիչներ և iPad պլանշետներ ներկայացնել։ Սակայն նա չէր հստակեցրել, թե ինչ պրոցեսոր կստանա նորույթը՝ Apple-ի արտադրության M2, թե նոր՝ M3 չիպեր։


 
 
 
 
  • Արխիվ