ԱՄՆ 42 դատախազ Instagram-ին և Facebook-ին մեղադրում է երեխաներին կախվածության մեջ դնելու, նրանց տվյալներն ապօրինաբար հավաքելու մեջ

25 հոկտեմբերի, 2023  14:22

ԱՄՆ 33 նահանգից 42 դատախազներից բաղկացած խումբը երեքշաբթի հայց է ներկայացրել Meta-ի դեմ։ Հայցում Meta-ին մեղադրանք է ներկայացվում առ այն, որ ընկերությանը պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերը խթանում են կախվածությունը երեխաների և դեռահասների շրջանում, տեղեկացնում է CNBC-ն:

Ինչպես նշվում է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, 33 նահանգների դատախազները դաշնային հայց են ներկայացրել Meta-ի դեմ Կալիֆոռնիայի Հյուսիսային օկրուգում։ Բացի դրանից, ևս ինը այլ դատախազներ հայցեր են ներկայացրել իրենց նահանգներում։

Դատախազները պնդում են, որ Meta-ն Facebook-ը և Instagram-ը կառուցել է այնպես, որպեսզի հետաքրքրի երիտասարդ օգտատերերին և խրախուսի նրանց հաճախակի վերադառնալ այս սոցիալական ցանցեր: Ըստ հայցի՝ Meta-ն դրան հասել է՝ օգտագործելով ալգորիթմներ, մեծ թվով ծանուցումներ և, այսպես կոչված, լրահոսի անվերջ «սքրոլինգը»։

Բացի դրանից, ընկերությունը կիրառում է ֆունկցիաներ, ինչպիսի ենք հավանումները կամ լուսանկարների ֆիլտրերը, որոնք, ըստ մեղադրող կողմի, բացասաբար են ազդում դեռահասների հոգեկան առողջության վրա՝ սոցիալական համեմատության կամ մարմնի դիսմորֆիկ խանգարումը խթանելու միջոցով։

Դատախազները Meta-ին նաև մեղադրել են «Համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին» օրենքը խախտելու մեջ՝ պնդելով, որ ընկերությունը 13 տարեկանից ցածր օգտատերերից անձնական տվյալներ է հավաքել առանց ծնողների համաձայնության։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նահանգների գլխավոր դատախազների լայն կոալիցիան միավորվում է Meta-ի դեմ պայքարելու համար: 2020-ին ԱՄՆ 48 նահանգներ ընկերության դեմ հակամենաշնորհային հայց էին ներկայացրել, ինչպես նաև առանձին բողոք ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողով:

Աղբյուրը նշում է, որ նման հայցերն ընդգծում են համացանցում երեխաների անվտանգության վերաբերյալ աճող մտահոգությունները և հարցեր են առաջացնում այն ​​մասին, թե խոշոր տեխնոլոգիական ընկերություններն ինչպես կարող են և պետք է ապահովեն անվտանգ առցանց միջավայր իրենց օգտատերերի համար: Բացի Meta-ից, այլ սոցիալական մեդիա հարթակներ, ինչպիսիք են TikTok-ը, նույնպես հետաքննության են ենթարկվում նմանատիպ խնդիրների շուրջ:


 
 
 
 
  • Արխիվ