Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը առևտրաշրջանառության աննախադեպ աճ են գրանցել

23 հոկտեմբերի, 2023  12:35

Ներկայումս Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 70 մլն ֆունտ ստերլինգ, ինչը եվրոպական այլ երկրների համեմատ նախորդ տարի Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գրանցված երկկողմ առևտրի ամենաարագ աճն է։ Այս մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի դեպարտամենտի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության և ներդրումների հարցերով տարածաշրջանային տնօրեն և առևտրի գծով խորհրդական Էնդրյու Ուիթենը:

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած Silicon Mountains 2023 գագաթնաժողովում Էնդրյու Ուիթենը մասնակցում էր «խելացի երկրների» հայեցակարգին նվիրված պանելային քննարկմանը, որի ընթացքում նա անդրադարձավ գլոբալ առևտրի, կայուն մեթոդաբանությունների և խելացի քաղաքների, երկրների և տարածաշրջանների առաջխաղացման միահյուսված բարդ կապերին:  

Ըստ Ուիթենի՝ ներկայումս Հայաստանում գործում են բրիտանական բազմաթիվ ընկերություններ, այնուամենայնիվ, կա դրանց թվաքանակն ավելացնելու և համագործակցությունն ավելի պարզեցնելու զգալի ներուժ։ Ավելին, Մեծ Բրիտանիան կարող է որպես մեկնարկային հարթակ ծառայել հայաստանյան ստարտափների և ձեռնարկատերերի համար՝ ֆինանսներին հասանելիություն ստանալու, երկրի ինովացիոն էկոհամակարգից օգտվելու և, հետևաբար, գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

Փորձագետը կարևորեց այսօր առկա բազմաթիվ հնարավորությունները՝ խթանելու երկու երկրների միջև ընդլայնված համագործակցությունն ու առևտուրը։ Միացյալ Թագավորության և Հայաստանի կառավարությունների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շուրջ շարունակվող բանակցությունները կարող են էապես նպաստել դրան։ Այս համաձայնագիրը, ըստ փորձագետի, ոչ միայն զբաղվածության հնարավորություններ կստեղծի, այլև կնպաստի երկու երկրների բարգավաճմանը:

«Մի քանի շաբաթից Լոնդոնում տեղի կունենա ՄԹ-Հայաստան գործարար համաժողովը: Եվ մենք կունենանք ներկայացուցիչներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, որոնք կհանդիպեն և կխոսեն Մեծ Բրիտանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ և կբացատրեն, թե ինչու նրանք պետք է գործեն Հայաստանում, ինչ հնարավորություններ կան այստեղ: Սա հիանալի գործընկերություն է: Բացի դրանից, այս գարնանը մենք սկսեցինք ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը: Եվ ես կարծում եմ, որ նման բաներն օգնում են մեզ դրական առումով ամրապնդելու առևտրային այդ հարաբերությունները»,- նշեց Ուիթենը:

Անդրադառնալով միջազգային առևտրի և ներդրումների զարգացող լանդշաֆտ մուտք գործել ձգտող ընկերություններին աջակցություն տրամադրելուն՝ Ուիթենն այդ ընկերություններին խորհուրդ տվեց դիմել փորձագետների օգնությանը։

«Եկե՛ք և խոսե՛ք մեզ հետ: ՄԹ-ն ապահովում է նորարարության համաշխարհային միջավայր այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ընդլայնվել և մուտք գործել նորարարության աշխարհի ամենատպավորիչ կենտրոններ: Եվ ՄԹ կառավարության գործընկերներն այստեղ և Հայաստանում Բրիտանական դեսպանատունը, ես և մյուսները այստեղ ենք՝ օգնելու ձեզ ամեն քայլափոխի»,- հավելեց նա:


 
 
 
 
  • Արխիվ