Մարսի վրա երկրաշարժն անակնկալի է բերել գիտնականներին․ ի՞նչն է պատճառը

20 հոկտեմբերի, 2023  20:15

NASA-ի InSight մարսագնացը 2022-ի մայիսի 4-ին Մարս մոլորակի վրա 4,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցել, որի առաջացման պատճառը մեծ անակնկալ է դարձել գիտական հանրության համար։ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի մոլորակային ֆիզիկոս Բենջամին Ֆերնանդոյի գլխավորած միջազգային թիմի համոզմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել մոլորակի ընդերքում տեկտոնական հսկայական ակտիվության հետևանքով։

Geophysical Research Letters-ում հրապարակված աշխատությունում արվող եզրահանգումն անսպասելի է եղել, քանի որ Մարսը չունի տեկտոնական սալեր։ Սակայն երկրաշարժի մյուս հիմնական պատճառ համարվող վարկածը՝ հսկա երկնաքարի հարվածը, պարզապես տանում է փակուղի։

«Մենք դեռ կարծում ենք, որ Մարսն այսօր չունի սալերի տեկտոնիկա, ուստի այս իրադարձությունը, հավանաբար, առաջացել է Մարսի ընդերքի ներսում լարվածության արտանետման հետևանքով, - բացատրել է Բենջամին Ֆերնանդոն,- Այդ լարվածությունը միլիարդավոր տարիների էվոլյուցիայի արդյունք է, ներառյալ մոլորակի տարբեր մասերի սառեցումը և փոքրացումը տարբեր արագությամբ»:

InSight-ը չորս տարի է անցկացրել Մարսի վրա՝ ուսումնասիրելով մոլորակի ընդերքը և աշխատանքն ավարտել է 2022-ի վերջում: Այդ ընթացքում այն գրանցել է հարյուրավոր ցնցումներ և երկրաշարժեր, որոնց մի մասն առաջացել է Մարսի վրա ընկած տիեզերական տարբեր մարմինների բեկորների հետևանքով: Ցնցումների մի մասն առաջացել է մագմատիկ ակտիվության հետևանքով, ինչն ապացուցում է, որ կարմիր մոլորակն այնքան էլ «մեռած» չէ ներսում, որքան ընդունված էր կարծել։

Բենջամին Ֆերնանդոն և նրա գործընկերները ցանկանում էին պարզել InSight-ի գրանցած և S1222a կոդային անունն ստացած ամենահզոր երկրաշարժի պատճառը՝ այն առաջացել է մոլորակի ներսո՞ւմ տեղի ունեցող գործողությունների, թե՞ արտաքին ազդեցության հետևանքով։

Քանի որ սեյսմիկ տվյալները նման էին նախկինում գրանցված դեպքերի տվյալներին, հետազոտողներն իրենց ուսումնասիրությունում ներգրավել են համաշխարհային տիեզերական գործակալությունների, ինչպես նաև օգտվել Մարսի շուրջը պտտվող արբանյակների հնարավորություններից։ Մյուս ցնցումները մոլորակի վրա թարմ, հեշտ նկատելի հարվածային խառնարաններ և պայթյունի գոտիներ էին առաջացրել, հետևաբար գիտնականները որոշել են, որ եթե S1222a-ը ևս նման հարվածի արդյունք է, ապա դրա թողած հետքերը պետք է լինեին մեծ և հեշտ նկատելի:

Սակայն հետազոտությունները նման արդյունք չեն տվել, ինչից հետո գիտնականները եկել են եզրահանգման, որ S1222a իրադարձությունն ունի մեկ հիմնական բացատրություն․ այն առաջացել է տեկտոնական շարժման հետևանքով, իսկ դա ենթադրում է, որ Մարսը, ամենայն հավանականությամբ, սեյսմիկ առումով շատ ավելի ակտիվ է, քան ընդունված է կարծել։

Թեև InSight-ն այլևս չի գործում, որպեսզի դրանով հետագայում հետազոտական աշխատանքներ իրականացվեն, սարքի արդեն իսկ հավաքած տվյալները գիտնականներին բավական մեծ ծավալի նյութ կտրամադրեն, որը նրանք դեռ պետք է ուսումնասիրեն տարիներ շարունակ, իսկ Մարսի հետագա առաքելություններն ու հետազոտությունները կարող են օգնել՝ պատասխանելու որոշ հարցերի, որոնք բարձրացնում է այս նոր հայտնագործությունը:

«Մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչու է մոլորակի որոշ մասերում առկա ավելի մեծ լարվածություն, քան մյուսներում, բայց նման արդյունքներն օգնում են մեզ շարունակել ուսումնասիրությունները,- ասել է Ֆերնանդոն,- Մի օր այս տեղեկությունը կարող է օգնել մեզ՝ հասկանալու, թե Մարսի վրա որտեղ է անվտանգ մարդկանց ապրելու համար և որտեղից կարելի է խուսափել»:


 
 
 
 
  • Արխիվ