OpenAI-ը կարող է վաճառել բաժնետոմսերը. ChatGPT-ի հաջողության շնորհիվ ընկերության արժեքը հասնում է $86 միլիարդի

19 հոկտեմբերի, 2023  16:32

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT հանրահայտ չատբոտն ստեղծած ընկերությունը՝ OpenAI-ը, բանակցություններ է վարում բաժնետոմսերը վաճառելու շուրջ: Ընկերության արժեքը ներկայումս գնահատվում է 86 մլրդ դոլար, տարեսկզբից այն գրեթե եռապատկվել է։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ գործարքը աշխատակիցներին թույլ կտա վաճառել իրենց բաժնետոմսերը՝ կանխելով լրացուցիչ կապիտալ ներգրավելու նպատակով նոր բաժնետոմսերի թողարկումը: Թեև OpenAI-ը դեռ չի ավարտել իր ակտիվների բաշխումը, ակնկալվում է, որ գործարքը զգալի շահույթ կբերի, հատկապես Microsoft-ին, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 49%-ը:

The Wall Street Journal-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ OpenAI-ի բաժնետոմսերի վաճառքի շուրջ քննարկումներ եղել են նաև նախկինում, իսկ ընկերությունը գնահատվում էր 80-90 մլրդ դոլար: Ընդորում՝ հունվարին OpenAI-ը գնահատվում էր մոտ 30 մլրդ դոլար։

Եթե ​​գործարքը կայանա, OpenAI-ը կգերազանցի Shein-ի նման հայտնի ընկերության կանխատեսումները և կհաստատվի որպես աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը՝ զիջելով միայն SpaceX-ին և ByteDance-ին, որը TikTok-ի մայր ընկերությունն է:

Օգոստոսի դրությամբ ընկերության ամսական եկամուտը հասնում էր 80 մլն դոլարի, իսկ տարեկանը հասույթը մոտենում է 1 մլրդ դոլարին։ Այս ամենի շնորհիվ OpenAI-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես արհեստական բանականության ոլորտում առաջատար խաղացող: Ընկերությունը տարբեր ձեռնարկություններին արտոնագրեր է տրամադրում արհեստական բանականության իր տեխնոլոգիաներն իրենց արտադրանքներում և գործընթացներում ներդնելու համար, և հենց այս ռազմավարական մոտեցումը զգալիորեն նպաստել է OpenAI-ի ակնառու աճին։


 
 
 
 
  • Արխիվ