Խելացի երկիր դառնալու Հայաստանի տեսլականը․ դիտարկումներ Silicon Mountains 2023-ից

17 հոկտեմբերի, 2023  21:01

Հայաստանը՝ իր հավակնոտ տեսլականով, խելացի երկիր դառնալու նպատակ ունի, նշում են Silicon Mountains 5-րդ տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները։ Գագաթնաժողովի կազմակերպիչ ՏՀՏ գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ նպատակ ունեն Հայաստանը դարձնել խելացի լուծումներով կառավարվող երկիր՝ տնտեսությունը զարգացնող խելացի բիզնեսներով և նորագույն տեխնոլոգիաներն արդյունավետ կիրառող խելացի քաղաքացիներով։

Ըստ Մուսայելյանի՝ խելացի երկիր դառնալը չափազանց կարևոր է Հայաստանի համար, և դրան այլընտրանք չկա։ 

«Շրջապատված ենք հիմնականում ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների հետ, որոնք մեզ առանձնապես չեն սիրում և ունեն տարբեր տեսակի ռեսուրսներ։ Բայց կարծում եմ, որ մեր ունեցած կարևոր ռեսուրսը մարդկային կապիտալն է, և դրանում ներդրումները մեզ մի քայլ առաջ կտանեն»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է Մուսայելյանը։

Silicon Mountains 2023-ն անցկացվում է Երևանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին։ Խելացի երկրի, խելացի բիզնեսի, և տեղեկացված, խելացի քաղաքացիների ձևավորմանը խթանելու թեմաներին նվիրված պանելային քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները՝ տեղի և արտասահմանյան մասնագետների և Հայաստանի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների հետ, կիսվեցին իրենց փորձով, տեսլականներով և խելացի երկիր կառուցելու հետ կապված մարտահրավերներով։

photo_2023-10-17_19-04-34.jpg (84 KB)

Առաջին անգամը չէ, որ համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ են մասնակցում Silicon Mountains գագաթնաժողովներին։ Էդուարդ Մուսայելյանն ընդգծում է, որ կազմակերպիչները հասկացել են, որ կարևոր է հնարավորինս շատ մարդկանց հնարավորություն տալ լսելու նման մարդկանց և սովորելու նրանցից։ Նախորդ գագաթնաժողովներն ավելի փոքր էին, տեղավորում էին մինչև 200 մարդու, բայց այսօր միջոցառումը հյուրընկալում է շուրջ 800 մասնակցի՝ ավելի քան 100 ընկերություններից։ Տարբեր երկրներից հրավիրվել են շուրջ 10 խոսնակներ, մարդիկ, որոնք նշանակալի ավանդ ունեն տարբեր ոլորտների զարգացման մեջ։

Առաջին Silicon Mountains գագաթանժողովը տեղի է ունեցել 2019-ին՝ այլ պայմաններում։  Այսօր Հայաստանը բոլորովին այլ մարտահրավերների առաջ է կանգնած։ Մուսայելյանի խոսքով՝ ամեն տարի գագաթնաժողովը նվիրված է իրավիճակին համապատասխան կոնկրետ խնդիրների լուծմանը։ Այս տարի կենտրոնացել են աշխարհում Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունները բացահայտելու վրա։ Այս ամենի հիմքում «խելացի» եզրույթն է՝ հիմքում ունենալով մարդկանց մեջ ներդրում անելու գաղափարը։

«Իմ շրջապատում բոլորը հարցնում են՝ ինչ պետք է անենք հիմա։ Եկեք կենտրոնանանք մարդկային կապիտալի վրա ներդրումներ անելու վրա։  Ե՛վ բիզնեսը, և՛ պետությունը պետք է դրանում ներդրումներ անեն, և քաղաքացին պետք է պատրաստ լինի ընդունել այդ ներդրումները և տեխնոլոգիապես զարգանալ»,- հավելում է Էդուարդ Մուսայելյանը։

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը հավելում է, որ այժմ քննարկումները հիմնականում տեխնոլոգիական վերափոխումների շուրջ են ընթանում։ Սակայն դեռ հստակ չէ, թե տեխնոլոգիաները ինչ ազդեցություն կունենան մեզնից յուրաքանչյուրի, երկրի կամ համաշխարհային տնտեսության վրա։ Հիմնական նպատակն է քննարկել և հասկանալ, թե ինչ է սպասվում վաղը, ինչ մարտահրավերներ, զարգացման ինչ հնարավորություններ կան, և ինչպես պատրաստ լինել դրանց։

«Ինչպես տեսնում ենք պանելային քննարկումների արդյունքում՝ և՛ մարտահրավերներն են շատ, և՛ վտանգները, և՛ հնարավորությունները, և հիմնական հարցն է՝ ինչպես տեղավորել Հայաստանի Հանրապետությունը այս շղթայում, որ առավելագույնս շահող դուրս գանք»,- ասում է նա։

photo_2023-10-17_18-47-57.jpg (75 KB)

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանը շատ ոլորտներում հետ է մնում։ Մինչդեռ, Բալդրյանի կարծիքով, Հայաստանն իրականում մի շարք մրցակցային առավելություններ ունի, մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որտեղ այլ առաջատար դիրքեր ունի։ Համաշխարհային բազմաթիվ ընկերությունների մասնակցությունը Silicon Mountains գագաթնաժողովին սրա վկայությունն են։ Բայց խնդիրն այն է, թե ինչպես մեր ուժերը չփոշիացնենք, այլ ընդհակառակը՝ կենտրոնացնենք և այն ուղղություններում, որտեղ մենք մրցունակ ենք, շատ ավելի առաջ գնանք՝ անգամ առաջ ընկնելով մյուս երկրներից։ Հայաստանը, ըստ Բալդրյանի, մրցունակ է չիպերի մշակման ոլորտում, և ունի բազմաթիվ տաղանդավոր մասնագետներ։ Հիմնական հարցն է, թե ինչպես կարելի է այս փաստը երկրի համար առավելության վերածել։ Այս առումով կարևոր է տեխնոլոգիական լանդշաֆտի ըմբռնումը:

Բալդրյանը նաև կարծում է, որ առանցքային գործոնը ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարդիկ։ Հիմնական հարցն է՝ ինչպես ճիշտ օգտագործել մեր սահմանափակ մարդկային ռեսուրսները, ինչ ճիշտ գիտելիքներ տալ, որ դրանք առավելագույնս օգտակար լինեն երկրի համար։ 

Ընդունելով խելացի Հայաստանի տեսլականը

«Խելացի երկրի» գաղափարը Silicon Mountains 2023 գագաթնաժողովի առաջին պանելային քննարկման կենտրոնում էր։ Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ խելացի է այն երկիրը, որը հարմարեցնում, ընդունում և կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ՝ մարտահրավերների հաղթահարման և նոր հնարավորությունների ստեղծման համար։ Նա նշում է, որ միջազգային ընկերությունները, որոնք ներդրումներ են անում և նպաստում են երկրի զարգացմանը, նույնպես վճռորոշ դեր են խաղում դրա «խելացիացման» մեջ։

Գագաթնաժողովի շատ խոսնակներ այն ընկերությունների ներկայացուցիչներն են, որոնք մասնաճյուղեր ունեն Հայաստանում և ակտիվորեն նպաստում են երկրի ու երկրի ներսում և դրանից դուրս ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը։ Նշվածների թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Synopsys-ը, Siemens-ը և Adobe-ն։ Ներկայացուցիչներ, որոնց թվում են Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, Siemens EDA EMEA-ի փոխնախագահ Էդրիեն Բաքլին, մասնակցում էին «խելացի երկիր» թեմայով պանելային քննարկմանը։

«Պետք է ցույց տալ, որ այստեղ մեծ ներուժ կա, որ միջազգային ընկերությունները այստեղ գնահատվում են և սպասված են, և նրանց ներդրումները չեն փոշիացվում։ Այս ընկերությունները պետք է օրինակ ծառայեն այլ երկրների համար՝ այստեղ գալու, մասնաճյուղեր բացելու և ներդրումներ անելու համար։ Սա կօգնի իրականացնել մեր տեսլականը և ավելի խելացի դարձնել երկիրը»,- նշում է Մուսայելյանը։

Համարվում է, որ Հայաստանը նշանակալի ներուժ ունի՝ դառնալու ՏՏ և նորարարություններ արտահանող երկիր։ Չնայած դրան՝ երկիրը դեռ ամբողջությամբ չի կապիտալացրել իր ներուժը։ NEWS.am Tech-ը ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենին հարց ուղղեց այս ուղղությամբ զարգացման հարցում առկա խոչընդոտների մասին։ 

photo_2023-10-17_15-25-28.jpg (56 KB)

Լեյթինենն ընդգծեց տնտեսական բարեփոխումների և հակակոռուպցիոն միջոցառումների ուղղությամբ Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը։ Մինչդեռ, նա ընդգծեց, որ հավելյալ ջանքերի կարիք կա։ ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն ներգրավված է կիբեռհանցագործությունների և մտավոր սեփականության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների մշակմանն աջակցման հարցում, ոլորտներ, որոնց ավանդաբար քիչ ուշադրություն է դարձվել, բայց որոնք էական են տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։ Ըստ նրա՝ Հայաստանի կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը առաջնահերթություն է, և ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցում է կառավարության հետ այս առաջնային ոլորտներում։ Ընդունելով թվային տնտեսության կարևորությունը՝ Լեյթինենն ընդգծեց կառավարման գործառույթներում դրանց ներդրման անհրաժեշտությունը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարարության առևտրային խորհրդական և տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Ուիթենը և Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլք։

Խելացի բիզնեսի խթանում՝ Հայաստանի տեխնոլոգիական վերելքի նպատակով

Խելացի բիզնեսները որոշիչ դեր ունեն երկիրը դեպի ավելի «խելացի» դառնալուն մղելու հարցում։ Գագաթնաժողովի կազմակերպիչների կարծիքով՝ խելացի են այն բիզնեսները, որոնք պատրաստ են թվային տրանսֆորմացիաներ ընդունել և կիրառել։ Նրանք ընդգծում են բիզնեսների ճկունության, հաճախորդակենտրոնության և իրենց ոլորտները շարունակաբար կատարելագործելու ու կանոնակարգելու մղման անհրաժեշտությունը։

Էդուարդ Մուսայելյանը նշում է, որ բիզնեսները ավելի շուտ են թվային փոխակերպումն ընդունում, քան երկիրը։ Նա ընդգծում է որոտում գործարար փորձառության կարևորությունը։ Հեռահաղորդակցային ընկերությունները, բանկերն ու այլ ընկերությունները առաջիններից են հասկանում թվային փոխակերպման անհրաժեշտությունը և ներդրումներ նախաձեռնում ոլորտում։

«Ուշ, թե շուտ բոլոր բիզնեսները պետք է հասկանան, որ թվային փոխակերպումը պարզապես հետաքրքիր տերմինաբանություն չէ, այլ անհրաժեշտություն, և ուշ, թե շուտ այդ ներդրումները պետք է անեն ու դառնան ավելի հաճախորդակենտրոն և ավելի կառավարելի դարձնեն իրենց բիզնեսները»,- պարզաբանեց Մուսայելյանը։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նույնպես մասնակցում էր պանելային քննարկմանը, NEWS.am Tech-ի հետ զրույցել է հեռահաղորդակցության ոլորտի մասին՝ ընդգծելով դրա առաջատար դիրքերը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ներդրման տեսանկյունից։ Մինչդեռ, նա շեշտեց մասնավոր և պետական սեկտորների միջև ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս համագործակցությունը, նրա կարծիքով, կօգնի բիզնեսներին համապատասխանել պետության զարգացման տեսլականին և արդյունավետորեն ներդնել դրանք իր ծրագրերում, նախագծերում, բիզնես պլաններում, ռազմավարություններում և բյուջեներում՝ տանելով ավելի խելացի բիզնես միջավայրի։

photo_2023-10-17_18-22-05.jpg (65 KB)

«Բայց եթե բիզնեսն առանձին լինի, մտածելու է այնպիսի նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին, որ իր բաժանորդը վայելի, բայց դա բավարար չէ մի երկրի համար, որն ուզում է իրոք զարգանալ, առաջ գնալ և դասվել զարգացած երկրների շարքին»,- ասաց Յիրիկյանը։ 

Մյուս ընկերությունը, որն իր նորարարություններով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, Adobe-ն է, որը Հայաստանում ներկայացուցչություն ունի Workfront-ի գնման արդյունքում։ Ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց, որ Adobe-ի առաքելությունը մշտապես եղել է աշխարհը թվային փորձառությունների միջոցով փոխելը։ Նարայենն ընդգծեց թվային բիզնես փոխանցումների պահանջարկի աճի պայմաններում քաղաքացիներին իրենց պատմություններով կիսվելու հնարավորություն տալու և հաճախորդակենտրոն ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը։ 

photo_2023-10-17_15-25-25.jpg (51 KB)

Բիզնես վերլուծության բարելավումը նաև պահանջում է կենտրոնացում անվտանգության, հատկապես՝ կիբեռանվտանգության վրա, որն ավելի, քան երբևէ, կարևոր է։ Cisco EMEA-ի տնօրեն Էրիկ Վեդելն իր ելույթում անդրադարձավ կիբեռանվտանգության թեմային։ Նա ընդգծեց, որ մենք ապրում ենք գերկապակցված աշխարհում՝ բազմաթիվ ռիսկերով և վտանգներով, որոնք ո՛չ բիզնեսները, ո՛չ էլ կառավարությունները իրենց չեն կարող թույլ տալ անտեսել։ Սակայն նա լավատեսական հեռանկար ներկայացրեց, որ կիբեռանվտանգության մասնագետները ևս նորագույն տեխնոլոգիաներ են ներդնում այս վտանգները հայտնաբերելու և արգելափակելու համար։

photo_2023-10-17_19-04-35 (2).jpg (71 KB)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը նույնպես քննարկման ակտիվ մասնակիցներից էին, որոնք գագաթնաժողովին ներկայացրին իրենց արժեքավոր դիտարկումները։ Նրանց, ինչպես նաև մյուս բոլոր բանախոսների ելույթներին կարող եք ծանոթանալ Silicon Mountains-ի ուղիղ հեռարձակման միջոցով։ 

Խելացի քաղաքացու հնարավորությունների ընդլայնում

Գագաթնաժողովի երրորդ պանելային քննարկումը նվիրված էր խելացի քաղաքացու թեմային։ Խելացի քաղաքացին, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի բնորոշմամբ, այն անձն է, որը ոչ միայն տեղյակ է տեխնոլոգիաներից, այլև պատրաստ է փոփոխությունների, ներգրավված է, տեղեկացված և գիտակից։ Սա վերաբերում է այն անձանց, որոնք ակտիվորեն ներգրավված են իրենց համայնքների ձևավորման հարցում՝ կիրառելով տեխնոլոգիաները իրենց երկրի և աշխարհի բարելավման նպատակով։

Մուսայելյանն ընդգծեց, որ խելացի քաղաքացին արժեքավոր ակտիվ է երկրի համար, որը պահանջում է ներդրումներ և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներից՝ ի շահ համազգային զարգացման։

photo_2023-10-17_19-04-35.jpg (99 KB)

Խելացի քաղաքացու թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, IDEMIA-ի Smart Identity-ի գլոբալ բիզնես զարգացման տնօրեն Իզաբել Փուլարդը և maib բանկի առաջին փոխնախագահ Ալյոնա Սթրաթանը։

Նրանց արժեքավոր ներդրումը և տեսակետները լույս սփռեցին անհատների որոշիչ դերի վրա դրական փոփոխությունների և տեխնոլոգիաների դրական ուժն օգտագործելու հարցում, ինչը նպաստում է ինչպես իրենց համայնքների, այնպես էլ աշխարհի զարգացմանը որպես ամբողջություն։ Իրենց ակտիվ մասնակցության և նվիրվածության շնորհիվ այս անձինք խելացի քաղաքացու ոգու օրինակ են՝ ծառայելով որպես զարգացման և նորարարությունների շարժիչ ուժ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Բացի այդ․․․

Silicon Mountains 2023 գագաթնաժողովը ոչ միայն բովանդակալից քննարկումների հարթակ էր, այլև տեխնոլոգիայի ոլորտում նշանակալի ձեռքբերումների և ներդրումների նշանավորման վայր։ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողի մրցանակաբաշխությունը և նամականիշի մարման արարողությունը հատուկ միջոցառումներ էին, որոնք էլի ավելի աշխուժություն հաղորդեցին գագաթնաժողովին։

photo_2023-10-17_15-25-31.jpg (69 KB)

Ավելին, հոկտեմբերի 18-ին գագաթնաժողովը կհյուրընկալի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարվա մրցանակով 2022-ի համար այս հեղինակավոր պարգևի դափնեկիր է ճանաչվել Adobe-ի գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը։

Նշենք, որ գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝  հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը։ Բացի դրանից, միջոցառման գործընկերներն են Adobe-ն, Synopsys-ը, HPE-ն, Visa-ն, Viasphere Technopark-ը և Unicomp-ը։ Նրանց ներդրումն արտացոլում է Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը և նորարարությունը խթանելու համատեղ ջանքերը:


 
 
 
 
  • Արխիվ