Apple-ը 2020-ից գաղտնի QR կոդեր է տեղադրում iPhone-ների վրա․ ինչի՞ համար են դրանք

1 հոկտեմբերի, 2023  12:03

2020-ց Apple-ն iPhone-ի էկրանների վրա մանրադիտակային փոքրության QR կոդերով մակնշման նոր համակարգ է օգտագործում, որն օգնում է նվազեցնել թերությունների մակարդակը։ Այս մասին հայտնում է The Information-ը։

Աղբյուրի համաձայն՝ Apple-ը մի քանի միլիոն դոլար է ծախսել երկու QR կոդերի մշակման և ներդրման վրա, որոնք կիրառվում են iPhone-ի էկրանին արտադրության տարբեր փուլերում։ Սա ընկերությանը թույլ է տալիս գտնել մատակարարվող անսարք բաղադրիչների աղբյուրը և պաշտպանվել անբարեխիղճ մատակարարներից:

Նշվում է, որ էկրանների բաղադրիչների չինական արտադրողները՝ ի դեմս Lens Technology-ի և Biel Crystal-ի, Apple-ին մատակարարել են մասեր, որոնցում անորակ բաղադրիչները չափազանց բարձր տոկոս են կազմել՝ արտադրանքի մինչև 30%-ը վերամշակվել է, ինչի համար ընկերությունից հարյուր միլիոնավոր դոլարի հավելյալ ծախս է պահանջվել։ Երբ Apple-ն սկսել է կիրառել էկրանների մակնշումը, թերի բաղադրիչների մակարդակն իջել է մինչև 10%:

QR կոդերից մեկն ավազահատիկի չափ է և իրենից ներկայացնում է 625 կետից բաղկացած զանգված, որոնք ձևավորվում են լազերային փորագրմամբ։ Էկրանի վրա դրա գտնվելու վայրը փոփոխվում է՝ կախված սարքի մոդելից: Այս QR կոդն օգտագործվում է անբարեխիղճ մատակարարների գործողություններին հետևելու համար, որոնք կարող են փոխարինել կամ կեղծել բաղադրիչները:

Մեկ այլ QR կոդ, որը մոտավորապես մատիտի ծայրի չափի է, կիրառվում է արտադրության մեկ այլ փուլում և թույլ է տալիս Apple-ին բացահայտել, թե որ մատակարարն է առաքել անսարք բաղադրիչը: Բացի դրանից, այն կարող է պարունակել ավելի շատ տեղեկություններ, ինչը թույլ կտա որոշել ոչ միայն արտադրողին, այլև խմբաքանակի համարը, որում հայտնաբերվել է թերի ապրանքը:

Մակնշման այս նորարարական համակարգը օգնել է Apple-ին զգալիորեն նվազեցնել արտադրական թերությունները և ապահովել iPhone-ի ավելի որակյալ արտադրանք:


 
 
 
 
  • Արխիվ