Dragon Age։ Dread Wolf-ը հասել է «զարգացման ամենակարևոր փուլերից մեկին». ե՞րբ սպասել խաղի թողարկմանը

27 հոկտեմբերի, 2022  18:33

BioWare ընկերության երկար սպասված RPG Dragon Age: Dreadwolf դերային խաղը հասել է «զարգացման ամենակարևոր հանգրվաններից մեկին». այն արդեն լիովին հնարավոր է խաղալ սկզբից մինչև վերջ, չնայած դեռ շատ աշխատանք կա անելու գրաֆիկայի և գեյմփլեյի բարելավման ուղղությամբ:

«Մինչ այս պահը մենք քրտնաջան աշխատել ենք խաղի տարբեր մասերի վրա, բայց միայն ալֆա թեստավորման փուլում է, որ խաղը դառնում է ամբողջական,- գրել է BioWare-ի գլխավոր տնօրեն Գարի Մակքեյը,- Այժմ մենք առաջին անգամ կարող ենք խաղն անցնել ամբողջությամբ՝ առաջին առաքելության սկզբնական տեսարաններից մինչև վերջ»:

Նրա խոսքով՝ մինչև խաղի թողարկումը դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ալֆա թեստավորմանն անցումը զարգացման գործընթացում իսկապես կարևոր փուլ է. այժմ մասնագետները կարող են կենտրոնանալ գրաֆիկայի և գեյմփլեյի բարելավման վրա և համոզվել, որ խաղի առաջընթացի, տեմպի և պատմության հետ դրա «փոխկապակցվածության» հետ կապված խնդիրներ չկան։

Dragon-Age-Dreadwolf

Ի՞նչ է հայտնի Dragon Age: Dreadwolf-ի մասին

Dragon Age: Dreadwolf-ը 2014 թ․ Dragon Age: Inquisition-ի շարունակությունն է և սերիայի չորրորդ խաղը: Մշակումն սկսվել է 2015 թ., սակայն մեկ անգամ չէ, որ այն ընդհատվել է ստուդիայի՝ այլ խաղերի մշակման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս ամբողջ ընթացքում ստուդիան նաև մի քանի անգամ մտքափոխվել է, թե արդյոք այն լինելու է մեկ մարդու համար նախատեսված խաղ, թե ունենալու է նաև առցանց բաղադրիչ: Ըստ վերջին տվյալների՝ այն, այդուհանդերձ, մեկ մարդու համար է նախատեսված։

Խաղի մասին պաշտոնապես հայտարարվել է The Game Awards 2018-ի ժամանակ: Բայց միայն այս տարվա հունիսին հայտնի դարձավ դրա պաշտոնական և վերջնական անունը՝ ի պատիվ հրաշագործ էլֆ Սոլասի, որը, ինչպես պարզվեց երրորդ խաղում, հենց ինքը՝ լեգենդներից հայտնի Dread Wolf-ն է (Սարսափ գայլ): Այսպիսով, Dreadwolf-ը, ի տարբերություն այս ֆրենչայզի նախորդ մասերի, կլինի նախորդ խաղի ուղիղ շարունակությունը, և այստեղ, կարծես, գլխավոր հակառակորդը կլինի Սոլասը։

Dragon-Age-Dreadwolf

Ըստ լուրերի՝ Dragon Age: Dreadwolf-ում հնարավորություն կլինի այցելելու Տևինտերների կայսրության մայրաքաղաք՝ Մինրաթոս քաղաքը, որի մասին մեկ անգամ չէ, որ լսել ենք նախորդ խաղերում: Խաղի մշակողները նաև խոստացել են հետաքրքիր ուղեկիցներ, դաշնակիցներ և չարագործներ: Հավանաբար, ուղեկիցների թվում կլինի նաև գաճաճ Վարրիկ Թեթրասը, որը Dragon Age-ի նախորդ երկու խաղերի ուղեկիցն է: Համենայն դեպս, հենց նրան են պատմողի դերում ցույց տվել (ավելի ճիշտ՝ հնարավորություն են տվել լսել նրան) 2020 թ․ թիզեր-թրեյլերում։

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք կկարողանանք խաղալ նույն կերպարով, որով խաղացել ենք Inquisition-ում, և արդյո՞ք նոր խաղում կհանդիպենք նախորդ խաղի (կամ նույնիսկ նախորդ խաղերի) սիրելի կերպարներին։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները, ամենայն հավանականությամբ, պարզ կլինեն 2023 թ․ առաջին կեսին։ 

Ե՞րբ սպասել Dragon Age: Dreadwolf-ի թողարկմանը

Dragon Age աշխարհի երկրպագուները մի ամբողջ հավիտենություն են արդեն սպասում չորրորդ խաղին, բայց կարծես թե պետք է սպասեն առնվազն ևս մեկ տարի: Ամենայն հավանականությամբ, Dragon Age: Dreadwolf-ը կթողարկվի 2023 թ․ երկրորդ կեսին՝ սեղանի անհատական համակարգիչների, PS5-ի, Xbox Series X-ի և S-ի համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ