CD Projekt RED-ն աշխատում է The Witcher շարքի առաջին խաղի ռիմեյքի վրա. ինչպիսի՞ն է այն լինելու

27 հոկտեմբերի, 2022  13:26

Վիդեոխաղերի մշակող լեհական CD Projekt RED ընկերությունն աշխատում է իր դեբյուտային՝ The Witcher շարքի առաջին խաղի ռիմեյքի վրա։

Twitter-ի իր միկրոբլոգում ընկերությունը տեղեկացրել է, որ Canis Majoris ծածկանունով նախագծի շրջանակում խաղը կվերափոխվի զրոյից և կտեղափոխվի Unreal Engine 5-ի վրա (խաղի հին տարբերակն օգտագործում է BioWare-ի Aurora-ն):

CD Projekt RED-ը ռիմեյքի վրա աշխատում է լեհական Fool's Theory ստուդիայի հետ համագործակցությամբ, որն ունի AAA խաղերի զարգացման յոթ տարվա փորձ: Ավելին, այս ստուդիան մասնակցել է այս շարքի երկրորդ և երրորդ խաղերի մշակմանը` The Witcher 2: Assassins of Kings (2011) և The Witcher 3: Wild Hunt (2015):

Ինչո՞ւ է ռիմեյքի արժանի առաջին The Witcher-ը

Առաջին Witcher խաղը թողարկվել է 2007 թ․։ Գործողությունները տեղի են ունենում լեհ գրող Անջեյ Սապկովսկու գրքերում նկարագրված աշխարհում. այս խաղը, ինչպես և դրան հաջորդած երկուս խաղերը, պատմում է Ռիվիայից Գերալտի արկածների մասին, որոնք տեղի են ունենում գրքերում նկարագրված իրադարձություններից հետո։

the-witcher1

The Witcher-ի աշխարհը նկատելիորեն տարբերվում է ֆենտեզի ժանրի խաղերի մեծ մասի աշխարհներից. այն ավելի «հասուն» է, չունի սևի և սպիտակի, չարի և բարու հստակ բաժանում, և հերոսների մեծ մասին առաջնորդում են ոչ վերացական ուժերն ու գաղափարները, այլ միանգամայն առօրյա, մարդկային կարիքներն ու զգացմունքները։

The Witcher-ը, թերևս, առաջին խաղերից է, որտեղ չկան միանշանակ «լավ» և «չար», ճիշտ և սխալ գործողություններ. խաղացողի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում կարող է ազդել հետագա սյուժեի և այլ կերպարների ճակատագրի վրա, և այդ ազդեցությունը միշտ չէ, որ կանխատեսելի է։

Եվ սա է պատճառներից մեկը, որ խաղն այդքան դուր եկավ գեյմերներին ողջ աշխարհում։ Նույնիսկ իր պաշտոնական թողարկումից առաջ ցուցահանդեսներում և խաղային ամսագրերից այն ստացել է բազմաթիվ մրցանակներ: Էլ ավելի շատ մրցանակների և բարձր գնահատականների խաղն արժանացավ թողարկումից հետո։

the-witcher1

Չնայած առաջին Witcher խաղն իսկապես հետաքրքիր է, այսօր նրա գրաֆիկան մի փոքր հնացած է թվում (չնայած որոշ մոդեր տեղադրելուց հետո այն բավականին հարմար է խաղալու համար): Եվ երրորդ խաղի շատ երկրպագուներ, որոնք, ոչ անհիմն կերպով, այն անվանում են աշխարհի լավագույն և ամենավաճառվող խաղերից մեկը, երբեք չեն խաղացել ո՛չ առաջին խաղը, ո՛չ էլ նույնիսկ երկրորդը: Ռիմեյքը կարող է բարելավել իրավիճակը և մեծ ուշադրություն հրավիրել The Witcher-ին, որն անարժանորեն անտեսվել է երիտասարդ խաղացողների կողմից:

Ի՞նչ է հայտնի The Witcher-ի ռիմեյքի մասին

Թե կոնկրետ ինչ նկատի ունեն մշակողները «զրոյից» վերափոխում ասելով, դեռ դժվար է ասել: Բայց, ամենայն հավանականությամբ, ռիմեյքում փոփոխությունները հիմնականում կվերաբերեն  խաղի գրաֆիկական մասին, իսկ սյուժեն ու կերպարները կմնան անփոփոխ։

Առայժմ խաղը մշակման վաղ փուլում է, և ավելի շատ նորություններ և մանրամասներ կլինեն ապագայում:

«Մենք ցանկանում ենք ամեն ինչ ճիշտ անել, ուստի խնդրում ենք զինվել համբերությամբ. որոշակի ժամանակ կանցնի, մինչև կարողանանք կիսվել մանրամասներով»,- գրել են մշակողները Twitter-ում:

Այլ խաղեր The Witcher-ի աշխարհում

CD Projekt RED-ը նաև նախատեսում է թողարկել The Witcher-ի ևս երեք միանգամայն նոր սիքվել, որոնց մասին, սակայն, դեռ քիչ բան է հայտնի: Դրանցից մեկը կրում է «Polaris» ծածկանունը, սակայն դեռևս չկա թողարկման ամսաթիվ, ոչ էլ որևէ տեղեկություն այն մասին, թե արդյոք այս խաղը կլինի Գերալտի կամ այս աշխարհից որևէ այլ կերպարի մասին: Գալիք խաղերից առնվազն մեկը, որքանով կարելի է դատել թիզերից, կլինի Լուսանի դպրոցից մի կերպարի մասին։

witcher-4

Եվս երեք սիքվել, որոնք նույնպես կմշակվեն Unreal 5-ի վրա, նախատեսվում է թողարկել առաջիկա վեց տարիներին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ