Ցնցող լուսանկար՝ James Webb-ից․ երիտասարդ աստղ, որի շիթերը սլանում են գերձայնային արագությամբ

15 սեպտեմբերի, 2023  22:20

James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) ֆիքսել է աստղային նյութի ևս մեկ ապշեցուցիչ պատկեր, որում երևում է, թե ինչպես են աստղային նյութի շիթերը դուրս պրծնում շատ երիտասարդ աստղի բևեռներից և սլանում տիեզերքում գերձայնային արագությամբ:

Աստղային նյութի այս շիթերը, որոնք միասին կոչվում են Herbig-Haro 211 (HH 211), գտնվում են Երկրից մոտ 1000 լուսատարի հեռավորության վրա՝ Պերսևսի համաստեղությունում: Այս տարածաշրջանում նախաաստղը ակտիվորեն կլանում է շրջակա գազն ու փոշին՝ մեծանալով չափերով, բայց միևնույն ժամանակ նյութը դուրս է նետում տիեզերք, ինչը աստղագետներն անվանում են երկբևեռ հոսք: Եվ երբ նյութի այս շիթերը սլանում էին տիեզերքում, James Webb-ի ինֆրակարմիր սուր «աչքը» կարողացել է ֆիքսել դրանց փոխազդեցությունը միջաստղային նյութի հետ՝ վառ, գունագեղ պտույտների տեսքով:

Ենթադրվում է, որ նախաաստղը (որը տեսանելի չէ James Webb-ի պատկերում) երկակի աստղ է։ Ամենայն հավանականությամբ, Արեգակը նախկինում ևս մոտավորապես այդպիսին է եղել, երբ այն ընդամենը մի քանի տասնյակ հազար տարեկան էր։ Այդ ժամանակ դրա զանգվածը պետք է կազմեր ներկայիս զանգվածի ընդամենը 8%-ը։ Գիտնականների կարծիքով՝ այս երիտասարդ աստղն ի վերջո կվերածվի Արեգակին նման աստղի։  

Herbig-Haro 211 (HH 211).JPG (45 KB)

HH 211-ը ամենաերիտասարդ և ամենամոտ նորաստեղծ աստղերից մեկն է, որը նյութ է արտանետում, ինչն այն դարձնում է իդեալական օբյեկտ James Webb աստղադիտակով ուսումնասիրելու համար: Գիտնականներն ասում են, որ այս աստղադիտակի ինֆրակարմիր հնարավորություններն աննախադեպ են, ինչը փոխում է խաղի կանոններն աստղագետների համար, քանի որ դա նրանց թույլ է տալիս տեսնել շատ երիտասարդ քողարկված աստղեր, որոնք գտնվում են գազի և փոշու հաստ ծածկույթից այն կողմ: Թաքնված աստղային մարմիններին նման հասանելիություն ստանալը, ի վերջո, օգնում է գիտնականներին վերծանելու այդ օբյեկտների քիմիական բաղադրությունը և վարքագիծը:

Ուսումնասիրելով HH 211-ի տվյալները, որոնք ստացվել են James Webb-ի վրա գտնվող ինֆրակարմիր մերձակա տիրույթի սպեկտրոգրաֆի (NIRSpec) կողմից, հետազոտողները հասկացել են, որ երիտասարդ աստղերի շիթերը շատ ավելի դանդաղ են շարժվում և հարուստ են այնպիսի մոլեկուլներով, ինչպիսիք են ածխածնի օքսիդը, սիլիցիումի օքսիդը և մոլեկուլային ջրածինը, համեմատած հին աստղերից արտանետվող շիթերի, որոնք ավելի արագ են շարժվում: Համաձայն HH 211-ի դիտարկումները նկարագրող վերջին ուսումնասիրության՝ դա տեղի է ունենում հիմնականում այն ​​պատճառով, որ երիտասարդ աստղին շրջապատող հարվածային ալիքները դեռ այնքան ուժեղ չեն, որպեսզի շիթային մոլեկուլները տրոհեն առանձին ատոմների:

HH 211-ը պատկանում է օբյեկտների խմբին, որոնք, ինչպես հայտնի է, արագ են զարգանում․ դրանք գազային հորձանուտներն անհետանում են հայտնաբերվելուց ընդամենը մի քանի տարի անց, իսկ նորերը հայտնվում են տիեզերքի թվացյալ դատարկ շրջաններում:


 
 
 
 
  • Արխիվ