Չինաստանում պաշտոնյաներին արգելվել է iPhone օգտագործել աշխատանքի ժամանակ, դրանք աշխատավայր բերել ևս չի կարելի

7 սեպտեմբերի, 2023  14:32

Չինաստանը կենտրոնական կառավարության պաշտոնյաներին արգելել է օգտագործել iPhone սմարթֆոններ և արտասահմանյան այլ ապրանքանիշի սարքեր աշխատանքի ընթացքում կամ  դրանք բերել գրասենյակ։ Արգելքի մասին վերջին շաբաթների ընթացքում պաշտոնյաները, աշխատակիցները համապատասխան ցուցումներն իրենց վերադասից ստացել են տարբեր չատերի խմբերում կամ աշխատավայրում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, հայտնում է The Wall Street Journal-ը:

Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլը ցույց է տալիս, որ Պեկինը չի ցանկանում խնայել ամերիկյան որևէ ընկերության՝ ԱՄՆ տեխնոլոգիաներից իր կախվածությունը նվազեցնելու ձգտումներում:

«Նույնիսկ Apple-ը ապահովագրված չէ … Չինաստանում, որտեղ ընկերության համար աշխատում է հարյուր հազարավոր, եթե ոչ ավելի քան մեկ միլիոն մարդ իր արտադրանքը հավաքելու համար՝ շնորհիվ Foxconn-ի հետ իր հարաբերությունների,- ասել է DA Davidson ընկերության վերլուծաբան Թոմ Ֆորտեն,- Սա պետք է ոգեշնչի ընկերությանը դիվերսիֆիկացնելու ինչպես իր մատակարարման շղթան, այնպես էլ հաճախորդների կենտրոնացումը, որպեսզի լարվածության սրման դեպքում ավելի քիչ կախված լինի Չինաստանից»:

Ըստ պարբերականի՝ ուշագրավ է, որ այս արգելքը կիրառվում է հաջորդ շաբաթ Apple-ի միջոցառումից ընդամենը օրեր առաջ, որի ժամանակ, ինչպես ակնկալում է, պետք է ներկայացվեն iPhone 15 շարքի հեռախոսները, ինչպես նաև այլ սարքեր։ Չինաստանը Apple-ի խոշորագույն շուկաներից մեկն է և ապահովում է ընկերության եկամտի գրեթե մեկ հինգերորդը:

Ավելի քան մեկ տասնամյակ Չինաստանը ձգտում է նվազեցնել կախվածությունը օտարերկրյա տեխնոլոգիաներից՝ պետական ​​մարմիններին խնդրելով անցնել տեղական ծրագրային ապահովման կիրառմանը և խթանելով կիսահաղորդիչ չիպերի տեղական արտադրությունը:

Պեկինն այս արշավն սկսել է 2020-ին, երբ երկրի առաջնորդներն առաջարկեցին այսպես կոչված «երկակի շրջանառության» աճի մոդելը, որպեսզի նվազեցվի կախվածությունը արտաքին շուկաներից և տեխնոլոգիաներից: Մայիսին Չինաստանը խոշոր պետական ​​ձեռնարկություններին հորդորեց առանցքային դեր խաղալ տեխնոլոգիական ինքնաբավության հասնելու իր ձգտումներում` բարձրացնելով մրցավազքի խաղադրույքները ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների ֆոնին:

Պարբերականը նշում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը մեծ է, քանի որ Վաշինգտոնն աշխատում է դաշնակիցների հետ, որպեսզի Չինաստանը հասանելիություն չունենա այնպիսի սարքավորումների, որոնք անհրաժեշտ են չիպերի արդյունաբերությունը մրցունակ պահելու համար։ Պեկինն ի պատասխան սահմանափակում է մատակարարումները ամերիկյան բարձրակարգ ընկերություններից, ներառյալ ինքնաթիռներ արտադրող Boeing-ից և չիպեր արտադրող Micron Technology-ից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ