Ինչո՞ւ չի կարելի iPhone-ը լիցքավորել մահճակալի կողքին

19 օգոստոսի, 2023  11:25

iPhone-ները չի կարելի լիցքավորել մահճակալի մոտ։ Այս մասին ասվում է պաշտոնական նախազգուշացման մեջ, որը տարածել է Apple տեխնոլոգիական հսկան։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, լիցքավորման մալուխին միացված սարքը չպետք է դնել անկողնու մոտ, այլապես այն կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման, վնասվածքների, սմարթֆոնի կամ գույքի վնասման։

Արտադրողը խորհուրդ է տալիս հեռախոսները լիցքավորել լավ օդափոխվող տարածքում և հեռու պահել քնելու վայրերից։ Չափազանց կարևոր է խուսափել իրավիճակներից, երբ սարքը գտնվում է վերմակի կամ բարձի տակ, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, սարքը կարող է նույնիսկ կոտրվել։

«Մի՛ քնեք սարքի, հոսանքի ադապտերների կամ անլար լիցքավորիչի վրա, մի՛ դրեք այն վերմակի, բարձի կամ մարմնի տակ, քանի դեռ սարքը միացված է հոսանքի աղբյուրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Apple-ը նաև նշում է, որ հրդեհի վտանգը կարող է մեծանալ, եթե օգտագործվեն երրորդ կողմի լիցքավորիչներ: Ավելի էժան պարագաները կարող են չհամապատասխանել ընկերության անվտանգության չափանիշներին, ինչը մեծացնում է վտանգավոր իրավիճակների առաջացման ռիսկը։

Հիշեցնենք, որ հեռախոսների բռնկման դեպքերը բավականին հաճախ են տեղի ունենում։

Այսպես, վերջերս Redmi Note 10 Pro սմարթֆոնը քնած տիրոջ կողքին լիցքավորվելիս հրդեհվել ու հալվել էր։

Մեկ այլ քաղաքացու դեպքում վերջերս գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը բռնկվել էր նրա ծոցագրպանում, երբ նա աշխատելիս էր եղել դաշտում։

Վերջերս պայթել էր նաև OnePlus 8 Pro սմարթֆոնը, ընդորում՝ այն ժամանակ, երբ հեռախոսը գտնվում էր սպասման ռեժիմում՝ այն ո՛չ օգտագործվում էր, ո՛չ էլ լիցքավորվում։

ԱՄՆ-ում վերջերս բռնկվել էր լիցքավորվող iPhone 4-ը, կրակն ավելի ուշ մարել էր։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր բռնկման պահը։ Տան բնակիչներից ոչ ոք չէր տուժել։

Կան, սակայն, ավելի ողբերգական դեպքեր. օրինակ՝ Հնդկաստանում Redmi Note 5 Pro-ի մարտկոցի պայթյունից այս տարի 8-ամյա աղջիկ է մահացել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարտկոցը պայթել է գերտաքացման հետևանքով, թեև հեռախոսն այդ պահին լիցքավորվելիս չի եղել։

Սմարթֆոնների պայթելու պատճառների մասին ավելին իմացեք NEWS.am Tech-ի նյութում։


 
 
 
 
  • Արխիվ