Մարսի վրա խոնավ և չոր ցիկլեր են եղել, ինչպես Երկրի վրա․ Curiosity-ին օգնել է նոր բացահայտում անել

15 օգոստոսի, 2023  14:19

Curiosity մարսագնացը հայտնաբերել է հին ցեխային ճաքեր, որոնք առաջացել են խոնավ և չոր կրկնվող ցիկլերի պայմաններում: Սա կարմիր մոլորակի վրա առաջին կոնկրետ ապացույցն է նման ցիկլերի մասին, որոնք նման են Երկրի վաղ փուլում եղած ցիկլերին: Գիտնականները կարծում են, որ պայմանները, որոնց պարագայում ստեղծել են այդ ճաքերը, կարող էին նպաստավոր լինել մանրէաբանական կյանքի ձևավորման համար։

Նոր հետազոտության ժամանակ գիտնականները ուշադրությունը կենտրոնացրել են Գեյլի խառնարանում գտնվող 3,6 միլիարդ տարվա վաղեմության ժայռերի վրա: Այնտեղ Curiosity-ն հայտնաբերել է աղի կուտակումներ, որոնք վեցանկյուն նախշի տեսք ունեն, և ուսումնասիրել է կավե շերտի ու աղի հանքային շերտի միջև անցումային գոտուց վերցված նմուշներ: Սա վկայում է այն շրջանի մասին, երբ երկար չոր փուլերն սկսել են գերակշռող դառնալ, ինչի արդյունքում լճերն ու գետերն սկսել են չորանալ:

Գիտնականները պարզել են, որ երբ Շարփ լեռան հատակին ցեխը մեկ անգամ չորացել է, ջրի կրկին հայտնվելը հանգեցրել է ցեխի փափկացմանը՝ ձևավորելով վեցանկյուն նախշ:

«Երբ լիճը չորանում է, ցեխը ճաքում է, իսկ երբ նորից լցվում է ջրով, ճեղքերը կպչում են միմյանց։ Սա առաջին կոնկրետ ապացույցն է, որ Մարսն ունեցել է ցիկլային կլիմա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Ֆրանսիայի CHRS հետազոտական ​​կենտրոնի աշխատող Ուիլյամ Ռապինը։

Խոնավ և չոր պայմանների ցիկլային փոփոխությունների մասին նշաններ կարող են դիտվել նաև ավելի ուշ շրջանի նստվածքային շերտերում, որոնք ցույց են տալիս այդ ժամանակաշրջանների տևողությունը։ Գիտնականները նոր ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ Մարսի հնագույն կլիման ունեցել է Երկրի նման խոնավ և չոր ցիկլերի հերթագայության շրջաններ։

Mars surface.jpg (138 KB)

Ցեխի այս ճաքերի ուսումնասիրությունը կարող է մեծ նշանակություն ունենալ հասկանալու համար այն գործընթացները, որոնք կարող էին նպաստել կյանքի ծագմանը: Թեև ջուրն անհրաժեշտ է կյանքի գոյության համար, դրանից բացի անհրաժեշտ է նաև խոնավության և չորության միջև հավասարակշռություն։ Պարբերաբար կրկնվող խոնավ և չոր սեզոնները, ինչպես Երկրի վրա, կարող էին ապահովել կյանքի առաջացման համար անհրաժեշտ պայմաններ:

Curiosity-ն նախկինում արդեն հայտնաբերել է օրգանական միացություններ, որոնք համարվում են Մարսի վրա կյանքի կառուցման տարրեր և կարող են լինել հանելուկի ևս մեկ կտոր: Բայց այս շինտարրերը պահանջում են համապատասխան պայմաններ՝ կյանքի նախանշանը դառնալու համար:

Նման հնագույն լանդշաֆտի հայտնաբերումն անհնարին կլիներ Երկրի վրա, որտեղ տեկտոնական սալերը մշտապես շարժման մեջ են և վերադասավորում են Երկրի մակերեսը՝ ջնջելով անցյալ դարաշրջանների նման մնացորդները:

«Մեր բախտը բերել է, որ մոտակայքում ունենք Մարսի պես մոլորակ, որը պահպանում է հիշողությունը բնական գործընթացների մասին, որոնք կարող էին նպաստել կյանքի առաջացմանը»,- ասել է Ուիլյամ Ռապինը:

Curiosity մարսագնացը Մարսի վրա իր առաքելությունն սկսել է 2012-ի օգոստոսից և շարունակում է հետազոտություններ կատարել ու գիտնականներին տրամադրել նոր գիտելիքներ այս մոլորակի մասին՝ հնարավորություն տալով ավելի խորը գիտելիքներ ստանալ Մարսի պատմության և դրա հնարավոր բնակեցման ներուժի մասին։


 
 
 
 
  • Արխիվ