Ինչո՞ւ է Windows-ի ցանցահեն տարբերակի պահանջարկը կտրուկ աճել ՌԴ-ում և ի՞նչ խնդիրներ կարող է դա ստեղծել

1 օգոստոսի, 2023  22:21

Ռուսական մանրածախ սեգմենտում 2023-ի առաջին չորս ամիսներին առանց նախապես տեղադրված օպերացիոն համակարգերի (ՕՀ) նոութբուքների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ հասնելով ընդհանուր վաճառքի 20,7%-ին։ Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ, երբ նման սարքերի տեսակարար կշիռը կազմում էր 9,1%: Ինչպես տեղեկացնում է Известия-ն, այս տվյալներն ստացվել են էլեկտրոնիկա արտադրողներից և ռուսական բաշխիչ ցանցերից մեկի աշխատակիցներից։

Առանց ՕՀ-ի նոութբուքների նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի ցանցահեն տարբերակների աճող պահանջարկով: Փորձագետների կարծիքով՝ շատ գնորդներ նախընտրում են ձեռք բերել սարքեր առանց նախապես տեղադրված ՕՀ-ի, քանի որ դա նվազեցնում է նոութբուքի գինը։ ՕՀ-ով և առանց դրա նույն նոութբուքի մոդելի գների տարբերությունը 5000-7000 ռուբլի է կազմում (մոտ 55-75 դոլար): Այդպիսի օգտատերերը հետագայում տեղադրում են անօրինական «բանալիներ» ՕՀ-ն ակտիվացնելու համար, որն արժե ընդամենը 500-1000 ռուբլի (մոտ 5,5-10 դոլար):

«Русский щит» հակացանցահենային ասոցիացիայի նախագահ Յուրի Զլոբինն ասել, որ Windows-ի ոչ օրիգինալ ՕՀ-ների տեղադրումը դարձել է ավելի էժան, հարմարավետ և շատ օգտատերերի կարծիքով՝ ավելի հուսալի այլընտրանք։ Երբ Microsoft-ը լքեց ռուսական շուկան, իրավիճակն էլ ավելի բարդացավ. Windows-ի օրինական տարբերակը դարձավ անհասանելի, իսկ պաշտոնապես գրանցված պատճենը համարվեց անօրինական՝ համաձայն Microsoft-ի նոր քաղաքականության: Սա հանգեցրեց նրան, որ օգտատերերը զրկվեցին աջակցությունից և թարմացումներից, ուստի մեծամասնությունն այլ ելք չունի, քան տեղադրել ՊՀ-ի ցանցահեն տարբերակը։

Շատ վեբ ռեսուրսներում կարելի է ՕՀ-ի «ակտիվացման բանալիներ» ձեռք բերել 3-4 դոլարով: Միաժամանակ օգտատերերը ստանում են ՕՀ-ի տարբերակներ, որոնք շարունակում են թարմացումներ ստանալ, ինչը դրանք ավելի գրավիչ է դարձնում օգտատերերի համար։

Փորձագետները նշում են, որ ՕՀ-ի ցանցահեն տարբերակների տարածվածության նման աճը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել օգտատերերի համար։ Խոսքը ոչ միայն հեղինակային իրավունքի խախտման մասին է, այլ նաև համակարգիչը վնասակար ծրագրով վարակելու մեծ ռիսկի մասին: Բացի դրանից, դա կարող է ազդել արտադրողների նկատմամբ քաղաքացիների վստահության վրա և ընդհանրապես խաթարել ցանցահենության դեմ պայքարի ջանքերը:


 
 
 
 
  • Արխիվ