Թվային արժույթները արժեթղթեր չեն․ ԱՄՆ դատարանը հեղափոխական որոշում է կայացրել ԱԲՀ-ն ընդդեմ Ripple-ի գործով

14 հուլիսի, 2023  02:41

Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը հուլիսի 13-ին որոշում է կայացրել հօգուտ  Ripple Labs-ի  2020-ին ընկերության դեմ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից ներկայացված հայցադիմումի գործով։ 

Որոշման համաձայն՝ Ripple Labs ընկերության թողարկած XRP թոքենի ծրագրային վաճառքն ու այլ վերաբաշխումները արժեթղթերի թողարկում և իրացում չեն։

«XRP-ն` որպես թվային արժույթ, ինքնին ներդրումային պայմանագրերի վերաբերյալ Howey Test-ի պահանջներին բավարարող պայմանագիր, գործարք կամ համակարգ չէ»,- նշված է որոշման մեջ:

Մյուս կողմից՝ դատարանը բավարարել է ԱԲՀ-ի բողոքը XRP թոքենի կորպորատիվ վաճառքների մասով՝ համարելով, որ ընկերությունը, խոշոր ընկերություններին վաճառելով իր կրիպտոարժույթը, խախտել է արժեթղթերի մասին ԱՄՆ օրենքները։

2020-ին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Ripple Labs-ի և դրա հիմնադիրների՝ գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգահուսի և համահիմնադիր Քրիս Լարսենի։ Հայցում SEC-ը պնդում էր, որ Ripple-ն իրականացրել է արժեթղթերի չգրանցված տեղաբաշխում՝ ներդրողներին վաճառելով իր թվային ակտիվը՝ XRP-ն: SEC-ն պնդում էր, որ XRP-ն պետք է դասակարգվի որպես արժեթուղթ, և որ Ripple-ը պետք է գրանցեր այն որպես այդպիսին ԱԲՀ-ում: 

«2020-ի դեկտեմբերին մենք ասացինք, որ օրենքի ճիշտ կողմում ենք և կլինենք նաև պատմության ճիշտ կողմում։ Շնորհակալ ենք բոլորից, ովքեր օգնել են մեզ հասնելու այսօրվա որոշմանը, որը վերաբերում է ԱՄՆ բոլոր կրիպտո նորարարություններին»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Բրեդ Գարլինգահուսը։

Դատարանի որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել կրիպտոշուկայում․ XRP-ի գինը մի քանի ժամում աճել է 68 տոկոսով, BTC-ն՝ 3%-ով, իսկ ETH-ը՝ 6%-ով։

Հայտնի կրիպտոբորսա Gemini-ի գործադիր տնօրեն Քամերոն Վինկլևոսը, մեկնաբանելով դատարանի որոշումը, նշել է, որ դրանով ամրագրվում է, որ «XRP-ի վաճառքը կրիպտոբորսաներում արժեթղթային գործառնություն չէ, ինչը նշանակում է, որ բոլոր կրիպտոարժույթներն այս հարթակներում արժեթղթեր չեն, և ԱԲՀ-ն նրանց նկատմամբ իրավասություն չունի»։ Այսպիսով, կարգավորող մարմնի իրավասությունները տարածվում են միայն դասական ֆինանսական կառույցների վրա։


 
 
 
 
  • Արխիվ