Ինչպե՞ս կարող են ձեզ խաբել նոր սոցցանցի՝ Threads-ի հանդեպ ձեր հետաքրքրության պատճառով

13 հուլիսի, 2023  20:20

Threads սոցիալական նոր ցանցն աճում է հսկայական արագությամբ, բայց միաժամանակ աճում է նաև ֆիշինգային ռեսուրսների թիվը, որոնք բաժանորդների առաջխաղացման ծառայություններ են առաջարկում և օգտատերերին առաջարկում հավելվածը տեղադրել ոչ պաշտոնական ուղիներով: Նման ռեսուրսների հետևում, որպես կանոն, կանգնած են չարագործներ, որոնք շատ կոնկրետ նպատակներ ունեն՝ խաբել ձեզ և յուրացնել ձեր գումարը։

Ինչպես գրում է «Коммерсантъ» թերթը, նոր սոցցանցի օգտատերերին թիրախավորող զեղծարար ռեսուրսները հայտնվել են ինչպես «.com», այնպես էլ «.ru» տիրույթներում։ Սակայն խարդախության հարձակումներից կարող են տուժել ոչ միայն սովորական օգտատերերը, այլև բիզնեսները, որոնք ակտիվորեն գրանցվում են նոր ցանցում։

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները հայտնել են, որ հարձակվողները գործարկել են խարդախ ռեսուրսներ, որոնց օգնությամբ ենթադրաբար Threads-ում հնարավոր է բաժանորդների առաջխաղացումն իրականացնել անվճար։

«Մարդկանց առաջարկում են մասնակցել մրցանակների խաղարկության, որի համար պետք է վճարեն, արդյունքում օգտվողները կորցնում են գումար»,- ասում է «Կասպերսկու լաբորատորիա»-ի բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:

Մեկ այլ սխեմայի շրջանակում խաբեբաներն օգտատերերին առաջարկում են ներդրումներ կատարել Threads Coins կրիպտոարժույթում, որն իրականում գոյություն չունի. եթե կուլ տաք խարդախության այս խայծը, ապա պարզապես կկորցնեք գումարը, որը փորձել եք «ներդնել»:

Որոշ խաբեբաներ առաջարկում են նաև տեղադրել սոցցանցի հավելվածը ոչ պաշտոնական ուղիներով․ կեղծ ռեսուրսներն օգտատերերին ուղարկում են Google Drive, որտեղից օգտատերը ներբեռնում է վնասատու ծրագրերով վարակված APK ֆայլը և տեղադրում այն։ Բացի դրանից, բուն սոցիալական ցանցում սկսեցին հայտնվել նաև այն նախագծերի կեղծ հաշիվները, որոնք իբր աշխատում էին կրիպտոարժույթով:

F.A.C.C.T.-ն (նախկին Group-IB) հաստատել է, որ առնվազն վերջերս «.ru» տիրույթում հայտնվել է 23 նոր տիրույթ, որոնք իբր կապված են Threads-ի հետ: Սրանք ոչ պաշտոնական ռեսուրսներ են և նման են տեղեկատվական ռեսուրսների, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում դրանք կարող են օգտագործվել ֆիշինգի համար։ Հետևաբար, խորհուրդ է տրվում զգույշ լինել ցանկացած ոչ պաշտոնական ռեսուրսից, որն առաջարկում է նոր սոցցանցի հետ կապված որևէ բան:


 
 
 
 
  • Արխիվ