Starlink արբանյակները չնախատեսված ռադիոազդանշաններ են բաց թողնում․ ինչո՞վ է դա վտանգավոր

11 հուլիսի, 2023  22:12

Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Starlink կապի արբանյակնները ազդանշաններ են բաց թողնում, որոնք կարող են խոչընդոտել աստղադիտարկման ուսումնասիրություններին, այս մասին տեղեկացնում է Newatlas.com-ը։

Վերջին մի քանի տարիներին SpaceX-ը պարբերաբար ուղեծիր է արձակում փոքր արբանյակներ, որոնք պետք է ապահովեն գերարագ ինտերնետ հասանելիություն Երկրի այն շրջաններին, որոնք սովորաբար զրկված են նման հնարավորությունից: Սակայն այդ արբանյակներն սկսել են վառ հետքեր թողնել աստղադիտակների արած պատկերներում:

SpaceX-ը փորձել է շտկել դա, սակայն խնդիրներ դեռ կան։ Այժմ գիտնականները նոր խնդիր են հայտնաբերել. նրանք օգտագործել են ցածր հաճախականության ալիքի (LOFAR) աստղադիտակը 68 Starlink արբանյակ ուսումնասիրելու, դրանց արտադրած ռադիոազդանշանները չափելու նպատակով, ինչպես նաև պարզելու, թե ինչպես դա կարող է ազդել LOFAR-ի և այլ ռադիոաստղադիտակների աստղագիտական դիտարկումների վրա:

Արդյունքում գիտնականները հայտնաբերել են ոչ միայն ռադիոազդանշաններ, որոնք արբանյակներն օգտագործում են հաղորդակցության համար, այլև պարզել են, որ դրանցից շատերը նաև էլեկտրամագնիսական ճառագայթներ են արձակում, որոնք չպետք է արձակեն:

«LOFAR-ի միջոցով մենք հայտնաբերեցինք 110-ից 188 ՄՀց հաճախականությամբ ճառագայթում 68 արբանյակներից 47-ում, որոնք դիտարկվել էին,- ասել է հետազոտության համահեղինակ Սիս Բասսան,- Այս հաճախականությունների միջակայքը ներառում է 150,05-ից մինչև 153 ՄՀց-ի միջև պաշտպանված գոտին, որը Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հատուկ հատկացրել է ռադիոաստղագիտությանը»։

Գիտնականների թիմն ասել է, որ ավելի մեծ խնդիրն այն է, որ տեխնիկապես SpaceX-ը չի խախտում որևէ կանոն, քանի որ այդպիսիք չկան: Այս տեսակի ճառագայթումը կարգավորող միջազգային կանոնակարգեր չկան: Հետազոտողներն ասում են, թե քանի որ SpaceX-ը կամ այլ ընկերություններ գնալով ավել շատ արբանյակներ դուրս կբերեն տիեզերք, այս ոլորտի համար կարգավորումներ են հարկավոր։

Աղբյուրը նշում է, որ SpaceX-ը կապի մեջ է եղել հետազոտության հեղինակների հետ և, ըստ երևույթին, պատրաստ է նախագծային փոփոխություններ իրականացնել արբանյակների հաջորդ սերնդի համար խնդիրը շտկելու նպատակով։

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակի վաղ ճանաչումը աստղագիտությանը և մեծ թվով արբանյակների օպերատորներին հնարավորություն է տալիս ակտիվորեն համագործակցել տեխնիկական միջոցների կիրառման հարցում՝ համապատասխան կանոնակարգեր մշակելու համար անհրաժեշտ քննարկումներին զուգահեռ»,- ասել է հետազոտության համահեղինակ Գյուլա Յոզսան:

Հետազոտությունը հրապարակվել է Astronomy & Astrophysics ամսագրում։


 
 
 
 
  • Արխիվ