Խաղաղ օվկիանոսում առաջին միջաստղային երկնաքարի բեկորներ են գտել․ արդյոք դրանցում այլմոլորակային տեխնոլոգիայի նշաններ կան

11 հուլիսի, 2023  18:15

Այլմոլորակայինների տեխնոլոգիաների որոնմամբ զբաղվող Galileo նախագծի մի խումբ գիտնականներ Խաղաղ օվկիանոսի հատակին բազմաթիվ գնդիկներ են գտել՝ երկնաքարային ծագման նշաններով: Ինչպես տեղեկացնում է www.sci.news-ը, մեծ հավանականությամբ սրանք աստղային տարածության խորքերից՝ արեգակնային համակարգից դուրս գտնվող տարածքից եկած առաջին երկնաքարի բեկորներն են, որոնք գիտնականները գտել են։

Արշավախումբը ղեկավարել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ավի Լեբը։ Նա նաև առաջինն էր, ով հայտնել էր, որ CNEOS 20140108 երկնաքարը (ըստ NASA-ի կատալոգի) պատկանում է միջաստղային օբյեկտների դասին։ Երկրի վրա ընկնելիս այս երկնաքարը 2014-ի հունվարին Պապուա Նոր Գվինեայի երկնքում երեք անգամ բռնկվել էր՝ հուժկու լույս արձակելով։ Այս իրադարձությունն արձանագրել էին ԱՄՆ զինվորականները։

Օբյեկտի պայծառության կորի վերծանումը ցույց էր տվեց, որ այն երկնային մարմին է, որի չափերը տատանվում էին 80-ից 100 սմ-ի սահմաններում, իսկ կշռում էր այն մոտ 460 կգ։ Բայց ամենաանհավանականը արագության ցուցիչներն էին` 60 կմ/վ: Սա նշանակում էր, որ օբյեկտը եկել է արեգակնային համակարգից դուրս գտնվող տարածքից: Ավելի ուշ զինվորականները ԱՄՆ իշխանություններին պաշտոնապես հայտնել էին, որ այս օբյեկտը միջաստղային մարմինների շարքին է դասվում։

Իր առաջին հոդվածներից մեկում Ավի Լեբը գրել է, որ երկնաքարը պայթել է, երբ հանդիպել է օդի շատ ավելի ուժեղ դիմադրության (ճնշման), քան NASA-ի կատալոգում գրանցված բոլոր մյուս երկնաքարերի դեպքերում է։ Այն բաղկացած էր նյութից, որն իր ուժով գերազանցում էր բոլոր այն երկնաքարերին, որոնք երբևէ ընկել էին Երկրի վրա։

Ավի Լեբը եղել է Galileo նախագծի հիմնադիրներից մեկը։ Նախագծի առաջնահերթությունների մեկը հենց IM1-ի՝ առաջին ճանաչված միջաստղային երկնաքարի մնացորդները գտնելն է եղել։ «Հավանականությունը, որ IM1-ի ավելցուկային արագությունն ապահովվել է շարժիչային  համակարգի միջոցով, ինչպես նաև այն փաստը, որ այն ավելի ամուր է եղել, քան որևէ հայտնի երկնաքար, հուշում է այն մասին, որ այն կարող է տեխնոլոգիական ծագում ունենալ, ինչպես NASA-ի New Horizons տիեզերանավը մեկ միլիարդ տարի հետո կբախվի էկզոմոլորակի և կայրվի դրա մթնոլորտում՝ միջաստղային երկնաքարի տեսքով»,- ասել է պրոֆեսորը։

IM1 երկնաքարի ոչնչացման տարածքում որոնողական աշխատանքները արդյունք են տվել։ Հրաբխային ծագման մագնիսական մասնիկները մաղելուց հետո հնարավոր է եղել հայտնաբերել մագնիսական նմուշներ մեկ միլիմետրից պակաս չափերով, որոնք տարբերվում էին հսկողության գոտու «ֆոնային» մասնիկներից։ Վերլուծությունը ցույց է տվել, որ մասնիկները կազմված են 84% երկաթից, 8% սիլիցիումից, 4% մագնեզիումից և 2% տիտանիից, ինչպես նաև միկրոտարրերից։

Բացի դրանից, նմուշներում հայտնաբերվել են ուրանի և կապարի իզոտոպներ, ինչը հնարավորություն է տվել գնահատել նմուշների տարիքը։ Երկու նմուշների տվյալները ցույց են տվել, որ դրանց տարիքը 13,8 միլիարդ տարի է, մինչդեռ վերահսկման վայրի նմուշները ցույց են տվել, որ դրանց տարիքը 4,6 միլիարդ տարի է (արեգակնային համակարգի տարիք): Սա ևս մեկ ապացույց է եղել այն մասին, որ IM1 երկնաքարը ծագումով Արեգակնային համակարգից չէ։


 
 
 
 
  • Արխիվ