James Webb-ը հայտնաբերել է ամենահեռավոր գերզանգվածային ակտիվ սև խոռոչը․ ինչո՞վ է այն անսովոր

8 հուլիսի, 2023  12:23

James Webb տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է մինչ օրս մարդկությանը հայտնի ամենահեռավոր ակտիվ գերզանգվածային սև խոռոչը։ Այն գտնվում է CEERS 1019 գալակտիկայում, որը ձևավորվել է տիեզերքի պատմության բավականին վաղ շրջանում՝ Մեծ պայթյունից ընդամենը 570 միլիոն տարի անց:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, CEERS 1019-ի կենտրոնում գտնվող ակտիվ գերզանգվածային սև խոռոչն անսովոր է ոչ միայն իր տարիքի և հեռավորության, այլ նաև այն պատճառով, որ այն կշռում է 9 միլիոն անգամ շատ, քան Արեգակը: Սովորաբար, վաղ տիեզերքի գերզանգվածային սև խոռոչների մեծ մասը կշռում է ավելի քան 1 միլիարդ անգամ շատ, քան Արեգակը, ինչի շնորհիվ դրանք ավելի պայծառ են և հեշտ հայտնաբերելի:

CEERS 1019-ի կենտրոնում գտնվող սև խոռոչի համեմատաբար փոքր չափերը որոշ չափով հանելուկ են: Համաձայն Բալթիմորի Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտի հայտարարության, որը ղեկավարում է James Webb-ի գիտական աշխատանքները, «դեռևս դժվար է բացատրել, թե ինչպես է այն ձևավորվել տիեզերքի սկզբնավորումից այդքան կարճ ժամանակ անց»:

Աստղագետները վաղուց էին կասկածում, որ ավելի փոքր սև խոռոչներ պետք է ձևավորված լինեին տիեզերքի սկզբնական շրջանում, սակայն սրանք առաջին ուսումնասիրություններն են, որոնք սև խոռոչը դիտարկում են նման մանրամասնությամբ:

CEERS.JPG (34 KB)

«Հետազոտողները վաղուց գիտեին, որ վաղ տիեզերքում պետք է լինեն ավելի փոքր զանգվածի սև խոռոչներ: Webb-ն առաջին աստղադիտակն է, որը կարող է այդքան հստակորեն նկարել դրանք,- ասել է Մեյն նահանգի Ուոթերվիլ քաղաքում գտնվող Քոլբի քոլեջի գիտաշխատող Դեյլ Կոցևսկին, որը ղեկավարել է James Webb-ը կիրառմամբ երեք նոր հետազոտություններից մեկը,- Այժմ մենք կարծում ենք, որ ավելի փոքր զանգվածի սև խոռոչներ կարող են լինել ամենուր և սպասում են իրենց հայտնաբերմանը»:

«Մինչ այժմ վաղ տիեզերքի օբյեկտների վերաբերյալ հետազոտությունները հիմնականում տեսական էին,- ասել է Օսթինում գտնվող Տեխասի համալսարանի աստղագետ Սթիվեն Ֆինկելշտեյնը, որը ղեկավարում է CEERS հետազոտությունը (նույնպես օգտագործում է James Webb-ի տվյալները), - Webb-ի միջոցով մենք ոչ միայն կարող ենք տեսնել սև խոռոչներ և գալակտիկաներ ծայրահեղ հեռավորությունների վրա, այլև այժմ կարող ենք սկսել ճշգրիտ չափել դրանք: Ահա սա է այս աստղադիտակի հսկայական ուժը»:

Աստղադիտակը CEERS 1019-ի կենտրոնում գտել է նաև երկու այլ գերզանգվածային սև խոռոչներ, որոնք ավելի փոքր զանգված ունեն, քան սովորաբար ունենում են այսպիսի հեռավորության վրա գտնվող սև խոռոչները: Դրանք գտնվում են CEERS 2782 և CEERS 746 գալակտիկաների միջուկներում, ձևավորվել են Մեծ պայթյունից համապատասխանաբար 1,1 միլիարդ և 1 միլիարդ տարի անց: Յուրաքանչյուրը կշռում է մոտ 10 միլիոն անգամ շատ, քան Արեգակը։

Համեմատության համար՝ նշենք, որ մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի սրտում գտնվող սև խոռոչը, որը հայտնի է Աղեղնավոր A* (Sagittarius A*) անունով, մոտ 4,3 միլիոն անգամ ավելի մեծ է, քան արևը: Բայց այն բավականին թեթև է ժամանակակից գերզանգվածային սև խոռոչի համար: Օրինակ, M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչն ունի մոտ 6,5 միլիարդ ավելի մեծ զանգված, քան Արեգակը։


 
 
 
 
  • Արխիվ