Գիտնականներն առաջին անգամ ֆիքսել են արևի վրա թափվող պսակային անձրև․ ի՞նչ է այն և ինչո՞ւ է այս բացահայտումը կարևոր

6 հուլիսի, 2023  20:12

Աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են, թե ինչպես են երկնաքարի նմանվող օբյեկտները անձրևի պես թափվում Արեգակի մակերևույթի վրա: Երևույթը կոչվում է պսակային անձրև, այն ձևավորվում է գազից, իսկ դրանում առկա ջերմաստիճանը հասնում է մինչև 1,1 մլն ցելսիուսի, այս մասին տեղեկացնում է Space.com-ը:

Այս երկնաքարերը միանգամայն տարբերվում են նրանցից, որոնք բարձր արագությամբ ներթափանցում են Երկրի մթնոլորտ և երբեմն նույնիսկ հասնում Երկրի մակերեսին։ Ի տարբերություն այս օբյեկտների, որոնք տիեզերական փոշու, քարի կամ փոքր աստերոիդների բեկորներ են, արևի վրա թափվողները պլազմայի հսկա կուտակումներ են, որոնք անհավանական արագությամբ ընկնում են աստղի մակերեսին:

Երկրի վրա ընկնող երկնաքարերի մեծ մասը մեր մոլորակի մթնոլորտի հաստ շերտի պատճառով չի հասնում մակերեսին, բայց արևի մթնոլորտը (պսակը) շատ ավելի բարակ է, և այդ պատճառով այս կուտակումներն ամբողջությամբ չեն մաշվում ընկնելիս և շատ հանգիստ կարող են հասնել Արեգակի մակերեսին:

Եվրոպական տիեզերական գործակալության Solar Orbiter տիեզերանավի միջոցով արված դիտարկումների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ այս երևույթը կարող է ստեղծել կարճ, բայց ինտենսիվ պայծառացում, ինչպես նաև աստղային նյութի վերընթաց ալիք և հարվածային ալիքներ, որոնք կրկին տաքացնում են Արեգակի պսակում առկա գազը հարվածի վայրից վեր ընկած հատվածում:

shooting sun 1.JPG (31 KB)

Լուսանկարում կարմիր գծերը ցույց են տալիս պսակային անձրևի հետագիծը։


Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը կարող է օգնել լուծելու առեղծվածը, թե ինչու է Արեգակի պսակը, որն այս աստղի մթնոլորտի ամենահեռավոր շերտն է, շատ ավելի տաք, քան դրա տակ գտնվող մյուս շերտերը, չնայած արեգակնային մոդելները կանխատեսում են, որ ավելի տաք պետք է լինեն արևի այն շերտերը, որոնք ավելի մոտ են միջուկին:

Պսակային անձրևները ձևավորվում են, երբ լոկալ ջերմաստիճանի անկումը հանգեցնում է նրան, որ արևային պլազման կուտակվում է և վերածվում գերխիտ գոյացությունների: 250 կիլոմետր լայնություն ունեցող այս գոյացություններն այնուհետև 100 կիլոմետր/վրկ արագությամբ թափվում են արևի ավելի սառը մակերեսի՝ ֆոտոսֆերայի վրա։

Solar Orbiter-ը ֆիքսել է այդ պսակային անձրևները, երբ անցնելիս է եղել Արեգակից մոտ 49 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Solar Orbiter-ը, որը հագեցած է բարձր լուծաչափով տեսախցիկներով և հեռակառավարման զգայուն գործիքների հավաքածուով, ֆիքսել է, որ գազը տաքանում է մոտ 1 մլն աստիճան և սեղմվում է այդ պսակային անձրևների տակ: Երևույթը տևել է ընդամենը մի քանի րոպե։

Երբ երկնաքարը մտնում է Երկրի մթնոլորտ, մթնոլորտում օդի հետ շփման արդյունքում անկման ժամանակ ձևավորվում է վառ երևացող պոչանման զանգված, որը տաքացնում է երկնաքարի նյութը: Դրա հետևանքով պինդ նյութը վերածվում է գազի, գործընթացը կոչվում է աբլացիա: Այն տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ արևի շուրջը պտտվող գիսաստղերը շատ են մոտենում դրան։ 

Սակայն դա տեղի չի ունենում պսակային անձրևի ժամանակ, որը թափվում է արևի վրա՝ պսակում գտնվող հզոր մագնիսական դաշտերի պատճառով, որոնք կանխում են պայծառ պոչանման զանգվածի ձևավորումը, ինչը առ այսօր խոչընդոտում էր արևային երկնաքարերի ուսումնասիրությանը։


 
 
 
 
  • Արխիվ