Թվային ակտիվներ ու կրիպտոարժույթներ․ որո՞նք են ֆինանսական տեխնոլոգիաների ապագան․ հարցազրույց Fastex-ի ղեկավարի հետ

22 հունիսի, 2023  18:00

Վերջերս կրիպտոարժույթների ոլորտը լավագույն ժամանակները չի ապրում. հայտնի FTX կրիպտոբորսայի փլուզումը խաթարեց այս ոլորտում շատ ներդրողների և հասարակ մարդկանց վստահությունը: Սակայն այսօր կան բազմաթիվ մասնագետներ, որոնք վստահ են, որ ֆինանսական տեխնոլոգիաների ապագան ամեն դեպքում պատկանում է կրիպտոարժույթին և թվային արժույթին։

Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ այսօր շարքային քաղաքացու համար այնքան էլ էական չէ, թե իր ֆինանսական գործարքների ներքո որ տեխնոլոգիան է աշխատում։ Քաղաքացու  համար կարևոր է, որ այդ գործարքները լինեն հարմար, հուսալի և մատչելի։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաները կարող են ապահովել բոլոր այս պայմանները։

«Թվային կրիպտոարժույթի փոխարեն ճիշտ կլինի օգտագործել թվային ակտիվ, որովհետեւ այն մի փոքր ավելի լայն հասկացություն է։ Ինչ վերաբերում է կրիպտոակտիվին, ապա Կենտրոնական բանկի թվային արժույթի օրակարգը պետական մակարդակով հրամայական է, արդեն գրեթե բոլոր երկրներն այս կամ այն կերպ պետք է այդ օրակարգն ունենան։ Շատ երկրներում արդեն գործարկված է, օրինակ՝ Չինաստանը, Եվրոպական միությունն արդեն պիլոտային ծրագրեր իրականացնում են, ԱՄՆ-ում թվային դոլարի նախագիծը կա»- նշեց մասնագետը։

Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ բոլորս ականատես կլինենք ֆինանսական հատվածում նոր տեխնոլոգիաների կիրառմանն անցնելուն։

«Շարքային քաղաքացին հեռախոսով վճարում է անում, թե նրա էլեկետրոնային դրամապանակի տակ ինչ տեխնոլոգիա է աշխատում՝ թվայի՞ն արժույթ է, թե՞ էլեկտրոնային փող, կարծում եմ՝ շարքային քաղաքացու համար երկրորդական հարց է»- նշեց Աբրահամյանը։

Խոսելով կրիպտոարժույթի ոլորտի մասին՝ մասնագետը նշեց, որ FTX-ի փլուզումն իսկապես խաթարեց մարդկանց վստահությունն այս ոլորտում։ Կրիպտոարժույթի հեղինակությունը խարխլելուն նպաստել են նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են կորպորատիվ կառավարման որակի հետ կապված խնդիրները, պատշաճ վերահսկողության և կարգավորման բացակայությունը․ այս ամենի պատճառով կենտրոնացված կրիպտոբորսաները բավականին բարդ վիճակում են հայտնվել, քանի որ եթե չկա վերահսկող մարմին, որը կթելադրի խաղի կանոնները, յուրաքանչյուրն առաջնորդվելու է իր գիտելիքներով, փորձով և ցանկություններով։

Սակայն FTX-ի փլուզման ֆոնին ծագած խնդիրները, ըստ Աբրահամյանի, շատ պետությունների ուշադրությունը գրավեցին այս ոլորտի վրա, և շատ երկրներ այսպես թե այնպես սկսեցին փորձել ինչ-որ կերպ կարգավորել այդ ոլորտը, ինչպես կարգավորվում են ավանդական ֆինանսական համակարգերը, սակայն հաշվի առնելով ժամանակակից ֆինանսական համակարգերի հետ կապված առանձնահատկությունները։ Փորձագետի կարծիքով, այն երկրները, որոնք առաջինը կհասցնեն անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրիպտոարժույթների և թվային ակտիվների կարգավորման ոլորտում, ի վերջո, շահած կլինեն։

«Հոնկոնգում վերջերս ուժի մեջ է մտել նոր օրենսդրություն, որում տնտեսվարողի համար պարզ, հասկանալի լեզվով գրված է, թե ինչ է կրիպտոբորսան, կրիպտոգործունեությունը, ինչ է նշանակում առևտուր անել կրիպտոարժույթներով և ընդհանրապես թվային ակտիվներով, ինչպես կարող ես աշխատել այս ոլորտում այս երկրում: Մենք՝ Fastex-ը, նույնպես շահագրգռված ենք աշխատել Հոնկոնգում և արդեն աշխատում ենք Հոնկոնգում ներկայացուցչություն բացելու և լիցենզիաներ ստանալու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։


 
 
 
 
  • Արխիվ