Գիտնականները հայտնաբերել են էկզոմոլորակ, որից հելիումի հսկայական պոչաձև զանգված է դուրս գալիս

19 հունիսի, 2023  22:14

HAT-P-32b էկզոմոլորակն իր մթնոլորտից հսկայական քանակի գազ է կորցնում, և նոր ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գնահատել այդ կորուստների չափը: Ինչպես պարզվել է, ամեն տարի այս մոլորակի մթնոլորտը կորցնում է մոտ 33,8 տրիլիոն տոննա գազ։ Այս գործընթացը կտևի տասնյակ միլիարդավոր տարիներ, քանի որ այս մոլորակը երկու անգամ մեծ է Յուպիտերից, և դրա գազի պաշարները բավարար են մեր Տիեզերքի չորս կյանքի համար:

Գիտնականները նախկինում ևս գիտեին, որ HAT-P-32b-ի հետևից կախված է գազի պոչաձև զանգված, որը գոյանում է իր իսկ մթնոլորտից: Նոր դիտարկումները հնարավորություն են տվել գնահատել այս երևույթի մասշտաբները և ստեղծել ունիվերսալ մոդել՝ աստղերին մոտ գտնվող այլ էկզոմոլորակների մթնոլորտի վարքագծի համար։ Այս մոդելների շնորհիվ գիտնականները կկարողանան կանխատեսել էկզոմոլորակների գազային թաղանթների վարքի դինամիկան, որոնք այնքան էլ հեշտ չէ դիտարկելը, որքան HAT-P-32b-ի դեպքում է։

HAT-P-32b Էկզոմոլորակը գտնվում է մոտ 923 լուսատարի հեռավորության վրա: Դա գազային հսկա է՝ հայտնի որպես «Տաք Յուպիտեր»։ Այս մոլորակի շառավիղը մոտ 1,8 անգամ գերազանցում է Յուպիտերի շառավղին: Էկզոմոլորակի գազային պոչը տարածվում է դրա շառավղից 53 անգամ մեծ տարածության վրա: Նման երևույթներ աստղագետները նախկինում չեն տեսել։

Էկզոմոլորակը հայտնաբերվել է տարանցման մեթոդի միջոցով, որտեղ այն անցնում է իր աստղի սկավառակի վրայով 2,15 օրը մեկ անգամ։ Մոտ հեռավորությունը վկայում է էկզոմոլորակի վրա բարձր ջերմաստիճանի առկայության մասին, որը գիտնականները գնահատել են 1562 °C: Սա տաքացնում է թե՛ հենց բուն մոլորակը, և թե՛ դրա մթնոլորտը՝ առաջացնելով գազի արագ կորուստ։ Այս կորուստները տեսանելի են աստղի լույսի սպեկտրալ վերլուծության ժամանակ, երբ էկզոմոլորակն անցնում է դրա դիմացով: Սպեկտրը հստակ ցույց է տալիս գազի պոչի ծավալը։

«HAT-P-32b-ի վերաբերյալ մեր եզրահանգումները կարող են մեզ օգնել, որպեսզի հասկանանք, թե ինչպես են փոխազդում այլ մոլորակները և դրանց աստղերը,- ասել է աստղագետ Քերոլայն Մորլին Տեխասի համալսարանից,- Մենք կարող ենք բարձր ճշգրտությամբ չափումներ կատարել տաք Յուպիտերների վրա, ինչպիսին այս մեկն է, իսկ հետո մեր գտածոները կիրառել մոլորակների ավելի լայն շրջանակի վրա»:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ