YouTube-ը փոքր լսարան ունեցող բլոգերների համար հեշտացնում է գումար վաստակելու հնարավորությունը

14 հունիսի, 2023  14:04

YouTube վիդեոհոսթինգը պարզեցրել է գործընկերային ծրագրին (Youtube Partner Program) մասնակցելու պայմանները, որը թույլ է տալիս գումար վաստակել տեսանյութերում գովազդի և այլ գործիքների միջոցով, այս մասին հայտնում է The Verge-ը։

Այժմ Youtube Partner Program-ին միանալու համար բավական է ունենալ 500 բաժանորդ և 3000 ժամ դիտում վերջին 12 ամիսների ընթացքում։ Նախկինում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 1000 բաժանորդ և 4000 ժամ դիտում։

Բացի դրանից, YouTube-ն իջեցրել է TikTok-ի հետ մրցակցող Shorts տեսանյութերի դրամայնացման ծրագրին հասանելիություն ունենալու շեմը։ Այժմ բավական է վերջին 90 օրվա ընթացքում 3 միլիոն դիտում հավաքել, մինչդեռ նախկինում պահանջվում էր 10 միլիոն դիտում։

Նոր կանոնները շուտով ուժի մեջ կմտնեն հինգ երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Թայվանում և Հարավային Կորեայում: YouTube-ը նախատեսում է ապագայում դրանք ընդլայնել այլ տարածաշրջաններում:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ն այսուհետ թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Մայիսին տեղի ունեցած YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել էր, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ։


 
 
 
 
  • Արխիվ