Google-ն օգտատերերին կստիպի գովազդ դիտել YouTube-ում

19 մայիսի, 2023  12:18

YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել է, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ, այս մասին հայտնում է The Verge-ը։

Նշվում է, որ 30 վայրկյան տևողությամբ գովազդները կցուցադրվեն երկու՝ միմյանց հաջորդող 15 վայրկյանանոց հոլովակների փոխարեն։ Նրանք, ովքեր չեն ցանկանում դիտել գովազդ, կարող են օգտվել YouTube Premium-ի վճարովի բաժանորդագրությունից, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99։

Բացի դրանից, YouTube-ը նախատեսում է դադարի ընթացքում ցուցադրել բաներային գովազդ։ Նման գովազդները կարելի է անջատել՝ սեղմելով «մերժել» կոճակը։ Երկու նորամուծությունների մեկնարկի ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ը թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Նշենք, որ 2022-ին YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 29,2 մլրդ դոլար, 2021-ին՝ 28,8 մլրդ դոլար: 2022-ի վերջին եռամսյակում ծառայությունը գովազդից վաստակել է 7,96 մլրդ դոլար՝ մոտ 8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (8,63 մլրդ դոլար): Անցյալ տարվա վերջին YouTube-ը հայտնել է, որ Premium փաթեթն ունի մոտ 80 մլն բաժանորդ՝ 2021-ի համեմատ 30 մլն-ով ավելի: Google-ի գովազդային եկամուտը 2022-ի չորրորդ եռամսյակում նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի:


 
 
 
 
  • Արխիվ