Երկրի կողքով կանցնեն 400-800 մետր տրամագծով 2 պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ

12 հունիսի, 2023  16:17

Հունիսի 12-ին և 15-ին Երկրին կմոտենան երկնաքերերի չափեր երկու պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի մասնագետները։

«Հունիսի կեսերին միանգամից երկու մեծ պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ՝ (488453) 1993 XD-ն և 2020 DB5-ը, կանցնեն Երկրի կողքով, դրանց պայծառությունը մի փոքր կգերազանցի 14 աստղային մեծությունը։ Դրանց բացարձակ պայծառությունը գրեթե նույնն է (H=19,2…19,3), ինչը նշանակում է, որ աստերոիդները կարող են ունենալ նմանատիպ չափեր (մոտ 400-800 մետր)»,- ասվում է ինստիտուտի հայտարարությունում։

Ինչ վերաբերում է 2020 DB5 աստերոիդին, ապա այն Երկրին ամենաշատը կմոտենա հունիսի 15-ին՝ և կգտնվի հեռավորության վրա, որը «11 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը»։

«Ինչպես երևում է անվանումից, ընդամենը երեք տարի է անցել այս «խճաքարի» հայտնաբերումից։ Եվ սա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ մերձերկրյա նույնքան մեծ օբյեկտների զգալի մասը մնում է անհայտ։ Դրանցից մեկը կարող է հանկարծակի ընկնել մեր գլխին (չնայած հավանականությունը քիչ է)»,- ասվում է գիտնականների հայտարարությունում:

Երկու աստերոիդներին էլ հետևում են ISON-Kitab աստղադիտարանի գիտնականները: Կալիֆոռնիայի Goldstone ռադարը նախատեսում է ճշտել այդ օբյեկտների չափերն ու ձևը։

Հիշեցնենք, որ պոտենցիալ վտանգավոր են համարվում բոլոր մեծ աստերոիդները, նույնիսկ եթե դրանց թռիչքի հետագիծն այնպիսին է, որ դժվար թե բախվեն մեր մոլորակին:

Գիտնականները կարծում են, որ 1 կմ-ից ավելի տրամագծով ամենամեծ աստերոիդները Երկրի հետ բախվելու դեպքում կարող են աղետալի հետևանքներ առաջացնել և նույնիսկ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը ու հանգեցնել տեսակի լիակատար ոչնչացմանը: 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող փոքր օբյեկտները կարող են հանգեցնել տարածաշրջանային աղետների, ընդհուպ մինչև ամբողջական մայրցամաքների ավերման: Դրանք կարող են նաև հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ