Google Drive-ը շուտով կդադարի աշխատել Windows-ի որոշ տարբերակներում

9 հունիսի, 2023  10:26

2023-ի օգոստոսին ամպային պահեստավորման Google Drive հավելվածը կդադարի աշխատել անհատական բոլոր ​​համակարգիչների վրա, որոնք աշխատում են Windows-ի հնացած համարվող որոշ տարբերակներով, բայց դեռ բավականին տարածված օգտատերերի շրջանում: Մասնավորապես, հավելվածն այլևս չի աջակցի Windows 8, 8.1 և Windows 10-ի 32-բիթանոց տարբերակները: Microsoft-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակների դեպքում հավելվածը կաշխատի նախկինի պես:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը՝ օգոստոսյան թարմացման թողարկումից հետո Windows-ի թվարկված տարբերակների օգտատերերը չեն զրկվի ծառայությունից օգտվելու հնարավորությունից. Google Drive-ը նրանց համար դեռ հասանելի կլինի վեբ տարբերակի ձևաչափով, որը կարելի է բացել բրաուզերում:

Google Drive-ը միակ ծառայությունը չէ, որի աջակցությունը դադարեցվելու է Windows 8-ի և 8.1-ի համար: Chrome և Mozilla Firefox բրաուզերների նոր տարբերակները ևս այլևս չեն աշխատում հին օպերացիոն համակարգերում: Microsoft-ը նաև դադարեցրել է իր օպերացիոն համակարգի երկու նշված տարբերակների անվտանգության շտկման թողարկումը դեռևս 2023-ի հունվարին։

Google Drive-ը ամպային պահեստավորման ամենահայտնի հաճախորդներից մեկն է աշխարհում. համակարգչի կոշտ սկավառակի փոխարեն ֆայլեր պահել կարելի է այնտեղ: Google Drive-ը հաճախ օգտագործվում է նաև Android սմարթֆոններով արված լուսանկարների և տեսանյութերի պահեստային պատճենման համար: 


 
 
 
 
  • Արխիվ