Նոր ֆունկցիա՝ WhatsApp-ում. շուտով հնարավոր կլինի HD որակի լուսանկարներ ուղարկել

7 հունիսի, 2023  18:11

Հանրահայտ WhatsApp մեսենջերում օգտակար գործառույթ է հայտնվել․ այժմ այս մեսենջերում արդեն հնարավոր է HD որակի լուսանկարներ ուղարկել։

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, HD որակի լուսանկարներ ուղարկելու հնարավորությունը ներկայումս հասանելի է ոչ բոլոր օգտատերերին, այլ iOS-ի (տարբերակ 23.11.0.76) և Android-ի (տարբերակ 2.23.12.13) WhatsApp հավելվածի բետա փորձարկողներին, ընդորում՝ ոչ բոլորին։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ նոր գործառույթը շուտով շատ ավելի մեծ թվով օգտատերերի հասանելի կլինի։

Մինչ այս գործառույթի հայտնվելը WhatsApp-ն ավտոմատ կերպով սեղմում էր պատկերը, նվազեցնում դրա որակը և ուղարկում SD (ստանդարտ) լուծաչափով: Այժմ օգտատերերը կկարողանան կիսվել բարձրորակ լուսանկարներով՝ պահպանելով դրանց սկզբնական պարամետրերը: Լուսանկար ուղարկելիս օգտատերը կարող է ընտրել HD որակի տարբերակը։

Վերջերս WhatsApp-ը ներկայացրել է բազմաթիվ օգտակար գործառույթներ, այդ թվում՝ մականուններ ստեղծելու հնարավորությունը, որը կհեշտացնի կոնտակտին գտնելը առանց հեռախոսահամարի, անձնական նամակագրությունը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով պաշտպանելու հնարավորությունը և շատ ուրիշ ֆունկցիաներ:

Մեկ այլ երկար սպասված ֆունկցիա, որը վերջերս է հայտնվել, արդեն ուղարկված հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունն է: Այնուամենայնիվ, դա կարելի է անել ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: 


 
 
 
 
  • Արխիվ